211652_close_icon
views-count3389 դիտում article-date 19:17 03-03-2014

Մարմինդ մաքուր պահիր. այնտեղ ապրում է Աստված

Մեկնարկել է Մեծ պահքը: Պահքի ժամանակ հրաժարվում ենք ոչ բուսական ծագում ունեցող կերակուրներից, մոլություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից: Ներկայում հասարակության մեծ մասը պահքին լուրջ չի վերաբերվում: Դրա պատճառներից է հոգևոր սնանկությունը, որկրամոլությունը, սուտ խոսելու հակվածությունը: Սակայն օբյեկտիվ պատճառը սոցիալական դժվարություններն են, երբ մարդն ուտում է, ինչ ձեռք է գցում ու չի նայում՝ դա կարելի՞ է ուտել պահքի ժամանակ, թե՞ ոչ: Մի մասի համար նույնիսկ հասկանալի չէ, թե ինչ կապ ունի պահքը հավատի հետ: Ինչպե՞ս կարող են կերակրատեսակների սահմանափակումները մաքրել մարդու հոգին: Այս հարցերին պատասխանները հասանելի չեն շատերին, որովհետև չեն լսում քահանային ու գրքեր չեն կարդում: Անաստվածության 70 տարիներին այսպիսի կարգախոս կար. առողջ մարմնում՝ առողջ հոգի: Սա վերաբերվում էր սպորտին, մարմնամարզությանը: Այսպիսով, հորդորում էին մարդուն մարմնամարզությամբ, սպորտով զբաղվել, որը նպաստում է ֆիզիկական առողջությանը: Սակայն այդ կարգախոսն ի սկզբանե մաքուր հոգևոր կարգախոս է եղել և այն շատ տեղին է օգտագործել պահքի նշանակությունը բացատրելու ժամանակ: Պարզ խորհուրդը հետևյալն է. մարմինդ մաքուր պահիր: Այն օգտագործում են շատ քրիստոնյա ժողովուրդներ: Մարմնի մաքուր պահելը միայն մաշկի նկատմամբ խնամքը, լողանալը, լվացվելը չէ: Մարմնի մաքուր պահելը վերաբերվում է նաև օրգանիզմի մաքրությանը: Քրիստոնյա շատ ժողովուրդներ հավատում են, որ Աստված ապրում է մարդու մեջ: Այդպիսով, մարդու մարմինն է Աստծո տունը և այդ պատճառով այն պիտի մաքուր պահել: Մաքուր մարմնում մաքուր հոգի: Սա հին քրիստոնեական կարգախոս է, և լրիվ տրամաբանական է, որ Աստծո հանդեպ հավատ, հարգանք, սեր ունեցողի համար մարմնի մաքրությունը կարևոր խնդիր է: Պահքի և ծոմի ժամանակ մարմինը, օրգանիզմը պարզապես մաքրվում է: Սակայն այդ զրկանքին հնարավոր չէ դիմանալ առանց հավատի: Այդպիսին է մարդու որկրամոլ էությունը: Սննդից հրաժարվել կարելի է միայն այն դեպքում, երբ մարդը ոգևորված է գաղափարով: Այն էներգիան, որն օրգանիզմը ստանում է սննդից, սննդից հրաժարվելու ժամանակ լրացվում է հավատով: Այդ էներգետիկ փոխակերպումն առկա է նույնիսկ նիհարելու համար սննդակարգ պահելու ժամանակ: Այսինքն, եթե մեծ է նիհարելու ցանկությունը և հավատը, ապա հնարավոր է պահել և սննդակարգից դուրս գալ նիհարած և առողջ: Իսկ եթե այդ հավատն ու ցանկությունը չկա, ապա պահքը կամ սննդակարգը օգուտ չեն տա, այլ կվնասեն, կառաջացնեն նյութափոխանակության խանգարում, խոց, գաստրիտ և այլն: [b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ [/b]

Նմանատիպ նյութեր