Երեկ սպանված 22-ամյա զինծառայողը նախկին փոխգնդապետի միակ տղան էր. սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա ծառայակից ընկերը
ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանի շինության ետնամասում ծնոտի շրջանում մահացու հրազենային մարմնական վիրավորումով հայտնաբերված և պահակախմբում որպես ժամապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային 22-ամյա Սամվել Սեյրանի Հարությունյանը Երեւանի 16-րդ թաղամասի 18 շենքի 75 տան բնակիչ էր եւ ընտանիքի միակ տղան: Իրենից փոքր 1 քույր ունի: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ պատմեցին Ս. Հարությունյանի հարեւանները:
Ինչպես նաեւ տեղեկացրին, որ նա ավարտել էր մանկավարժական համալսարանը: Նրանք նշեցին, որ Սամվելն աչքի էր ընկնում իր համեստությամբ, խելացիությամբ եւ մինչեւ հիմա չեն կարողանում հավատալ դաժան իրականությանը: Ի դեպ, Սամվելի հայրը նախկին փոխգնդապետ է, իսկ նրան ու մորը շատ դժվարությամբ են կարողացել հայտնել Սամվելի մահվան լուրը հատկապես այն դեպքում, երբ նա ոչ թե հակառակորի գնդակից է սպանվել, այլ անհասկանալի պայմաններում:
ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանից էլ տեղեկացանք, որ Սամվել Սեյրանի Հարությունյանի մահվան փաստի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա՝ ՀՀ քր.օր-ի 110 հոդ. 1-ին մասի /ինքնասպանության հասցնելը/ հատկանիշներով հարուցված քրեական գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով /զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով կամ այլ բռնի գործողություններ կատարելով/ ձերբակալվել է ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Վրեժի Դավթյանը: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Սամվել Հարությունյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: