Խոշոր ու ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. կա 1 զոհ, 2 ծանր վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 96-րդ կմ հատվածում՝ «Ռուբլյովկա» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են BMW մակնիշի 29 ՍՕ 743 համարանիշի և Վազ 2101 մակնիշի 10 ՏՕ 904 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վազ 2101-ի վարորդը տեղում մահացել է, իսկ BMW-ի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվեցին Գյումրիի կենտրոնական հիվանդանոց:
Այս պահին վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի գլխավորությամբ, ովքեր վիրավորներին ուղեկցեցին հիվանդանոց, որպեսզի տեղափոխումը արագ կատարվի:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Մարալիկի հրշեջ-փրկարարական խումբը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր մահացածի դին դուրս բերեցին ավտոմեքենայից: Տեղում աշխատում են նաև ոստիկանության Անիի բաժնի օպերատիվ խումբն ու Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզի քննչական վարչության քննիչները՝ քննիչ Նարեկ Մանանդյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ BMW-ն հաշվառված է Երևան քաղաքի Արաբկիր 43 փողոցի բնակիչ, 25-ամյա Կարեն Այանյանի անվամբ, իսկ Վազ 2101-ը՝ Գյումրի քաղաքի Գերցենի փողոցի 4-րդ նրբանցքի բնակչուհի, 49-ամյա Մարինե Եգորյանի անվամբ:
***
13:41
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց. ոստիկանությունը պարզել է Վազ 2101-ի մահացած վարորդի ինքնությունը, ով Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի բնակիչ, 68-ամյա Հովհաննես Եղիազարյանն էր:
Լուսանկարները և տեսանյութը ՝ Գագիկ Շամշյանի