Արագածոտնի մարզպետարանը Ցեղասպանության 100-ամյակի առթիվ միջոցառումներ է կազմակերպում
Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ միջոցառումների լայն ծրագիր է իրականացնում Արագածոտնի մարզպետարանը: Ծրագիրը հաստատվել է մարզպետ Սարգիս Սահակյանի կողմից, որի մի մասն արդեն իսկ իրականացվել է:
Միջոցառումների շրջանակը բավականին լայն է, որն ընդգրկում է մարզի պետական, կրթական, մշակութային, հասարակական ոլորտները:
Ծրագրով նախատեսվում է՝ մարզային «Կանթեղ» թերթում հոդվածաշարի տպագրություն՝ նվիրված ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Հոդվածաշարում կլինեն անդրադարձ պատմամշակութային, հոգևոր և նյութական արժեքներին, հայի ոգու պահպանությանը, հոդվածներ՝ նվիրված մշակութային գործիչներին: Հոդվածաշարի լույս ընծայմանը մասնակցելու են մարզի պատմաբանները, մշակութային գործիչները և հոգևոր դասի ներկայացուցիչները:
Աշտարակի Ա. Այվազյանի անվան երաժշտական դպրոցում «1-ին աշխարհամարտի կնիքը» խորագրով միջոցառումներ կլինեն՝ նվիրված Կոմիտասի կյանքին ու ստեղծագործություններին:
Իսկ Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում տեղի կունենա դասախոսությունների շարք՝ «1-ին աշխարհամարտի ազդեցությունը հայ ժողովրդի ճակատագրում» թեմայով: