Այնթափի դպրոցի դասասենյակներից մեկն անվանակոչվել է Ստեփան Միրզոյանի անունով
Այնթափի միջնակարգ դպրոցի «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասասենյակն անվանակոչվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի նախկին պետ, արցախյան ազատամարտի մասնակից, գեներալ-լեյտենանտ լուսահոգի Ստեփան Միրզոյանի անունով:
Հունվարի 30-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը մասնակցել է Այնթապի Բուզանդ Մարգարյանի անվան միջնակարգ դպրոցի «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասասենյակի անվանակոչման արողությանը: Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ Պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը, սպաներ, ԵԿՄ անդամներ, հյուրեր:
Անվանակոչման արարողությունը սկսվել է դպրոցի մուտքի մոտ կազմակերպված հանդիսավոր ընդունելությամբ, որից հետո Արարատի մարզպետը և ՊՆ խորհրդականը կտրել են խորհրդանշական կարմիր ժապավենը:
Շրջայց կատարելով դասասենյակում և խոսելով Ստեփան Միրզոյանի մասին` Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ու Պաշտպանության նախարարի խորհրդական Մ. Սարգսյանն անդրադարձել են գեներալ-լեյտենանտ Ստեփան Միրզոյանի հայրենասիրական բնորոշումներին, շեշտել հայկական բանակի կազմավորման գործում նրա ունեցած բացառիկ դերակատարումը:
Ցերեկույթի վերջում միջոցառման կազմակերպիչները ՊՆ խորհրդականի կողմից ստացել են պատվոգրեր, հայտնում է Արարատի մարզպետարանի լրատվական ծառայությունը: