Պեկինում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության մասին պատմող գրքի շնորհանդես
Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում ապրիլի 29-ին Պեկինի «Bookworm» գրախանութում կայացել է ամերիկահայ գրող Դեյնա Ուոլրաթի Հայոց ցեղասպանության մասին պատմող ”Like Water on Stone” գրքի շնորհանդեսը, հաղորդում են Չինաստանում ՀՀ դեսպանատնից:
Ներկայացնելով գրքի ստեղծման նախապատմությունը՝ Դեյնա Ուոլրաթը մանրամասնորեն պատմել է դարասկզբին պատմական Արևմտյան Հայաստանի տարբեր շրջաններում կատարված ոճրագործությունները:
Միջոցառմանը ներկա են գտնվել դիվանագետներ, չինացի գրականագետներ և լրագրողներ:
”Like Water on Stone” գիրքը պատմում է 14-ամյա Շահեն և Սոսի երկվորյակների մասին, ովքեր մոգական Արծվի օգնությամբ Ցեղասպանությունից փրկվելու համար փախչում են լեռները, երբ Օսմանյան կայսրությունում սկսվում են հայերի զանգվածային կոտորածները:
Ամերիկահայ գրող Դեյնա Ուոլրաթն իր ելույթում կարևորել է Հայոց ցեղասպանության իրողությունը օտարերկրյա լսարանին գեղարվեստական գրականության միջոցով հասանելի դարձնելը:
Միջոցառման ավարտին ներկաները բազում հարցեր են ուղղել հեղինակին: Առաջիկա օրերին հեղինակը գիրքը կներկայացնի նաև Պեկինի մի շարք այլ հաստատություններում: