Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Տավուշի մարզի «Բագրատաշեն» սահմանային անցակետ, տեղում ծանոթացել անցակետում կատարվող աշխատանքներին և տվել հանձնարարականներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մայիսի 4-ին աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ և եղել «Բագրատաշեն» սահմանային անցակետում: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել սահմանային անցման կետում` ծանոթացել կատարվող շինաշխատանքների ընթացքին:
Նշվել է, որ այժմ ավարտին են հասցվել Բագրատաշենի անցակետի հինգ մասնաշենքերի կառուցապատման, ներքին և արտաքին հարդարման, կոմունիկացիոն աշխատանքները:
Պատասխանատուները զեկուցել են, որ աշխատանքների մեծ մասն արդեն իսկ կատարվել է, ակնկալվում է, որ նորակառույց անցակետի շինաշխատանքների վերջնական փուլն ավարտին կհասցվի օգոստոսի վերջին: Նոր անցակետում տեղադրված կլինեն ժամանակակակից զննող-հսկող սարքավորումներ։ Մարդկային միջամտությունը կհասցվի նվազագույնի, և քաղաքացիներն ու տնտեսվարող սուբյեկտները կկարողանան կարճ ժամանակահատվածում հատել անցակետը, սահմանահատումն իրականացնել առավել սահուն և արագ:
Հովիկ Աբրահամյանը կարևորել է քաղաքացիների, այդ թվում տնտեսվարող սուբյեկտների համար սահմանի հատման արդի պայմանների ստեղծումը, կուտակումների վերացումն ու բարձրորակ ծառայությունների մատուցումը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի