Նոր Ընտրական օրենսգրքի մշակման գործընթացը զարգացավ բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերի միջև համագործակցության ոգով. Հ. Նաղդալյան
Հոկտեմբերի 10-ին ԵԽԽՎ-ում մեկնարկած աշնանային նստաշրջանի լիագումար նիստում ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը ընթացիկ հաշվետվության ձևաչափում հանդես է եկել ելույթով՝ ամփոփելով Հայաստանում Սահմանադրական բարեփոխումների գործընթացը:
Հայաստանի պետական և ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման համար սահմանադրական բարեփոխումները դիտարկելով որպես հույժ կարևոր իրադարձություն ՝ տիկին Նաղդալյանը նշել է, որ դրանց արդյունքում բովանդակային եւ կառուցվածքային փոփոխություններ իրականացվեցին կառավարման մոդելում, ուժերի հավասարակշռության, ինքնակառավարման, դատաիրավական և օրենքի գերակայության ոլորտներում:
Հերմինե Նաղդալյանը հիշեցրել է, որ Սահմանադրական փոփոխությունների մշակման ողջ գործընթացը զարգացել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությամբ.
,,Մեզ համար կարևոր է, որ առաջարկվող փոփոխությունները համահունչ լինեն Վենետիկի հանձնաժողովի կարծիքների հետ և համապատասխանեն ժամանակակից եվրոպական չափանիշներին: Հանձնաժողովի բոլոր առաջարկությունները ընդունվել են Հայաստանի իշխանությունների կողմից,,,- նշել է տիկին Նաղդալյանը՝ վստահեցնելով , որ այդ փոփոխությունների արդյունքում Հայաստանի քաղաքական համակարգը կդառնա ավելի բաց, թափանցիկ , ճկուն և քաղաքական ընդդիմության դիրքորոշմանն առավել արձագանքող:
Անդրադառնալով Ընտրական օրենսգիրքի քննարկումներին՝ ԱԺ փոխնախագահը եվրոպացի գործընկերներին ևս մեկ անգամ տեղեկացրել է, որ այն ընթացել է համատեղ ձևաչափով՝ իշխող կոալիցիայի, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ, այսպես կոչված՝ «4 + 4 + 4» ձևաչափով. ,,Նոր Ընտրական օրենսգրքի մշակման գործընթացը զարգացավ բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերի միջև համագործակցության ոգով: Հայաստանի իշխանությունները միտված են կոնսենսուս կառուցել երկրի առջև ծառացած կարևորագույն հարցերի շուրջ ՝ մեկ գերագույն նպատակով՝ ապահովել և բարձրացնել ժողովրդի վստահությունը,,,- իր խոսքում ընդգծել է տիկին Նաղդալյանը: