«Վանքի երեխաները»․ Ցեղասպանության մասին փաստավավերագրական ֆիլմը Երևանում է
Երևանում վաղը տեղի կունենա «Վանքի երեխաները» փաստավավերագրական ֆիլմի առաջին ցուցադրությունը: Ֆիլմը պատմում է Ցեղասպանության ժամանակ տարբեր ճանապարհներով փրկված և քրդերի ու թուրքերի մեջ մեծացած հայ երեխաների պատմությունը։ Այս մասին տեղեկացրեցին ֆիլմի ռեժիսոր Նազահաթ Գյունդողանին և պրոդյուսեր Քազըմ Գյունդողանին այսօր լրագրողների հետ զրույցում։
Ֆիլմի հերոսները ցեղասպանությունից փրկված դերսիմցի հայերն են, որոնց զգալի մասը կոտորվեց 1937-1938թթ.-ին: Դերսիմի կոտորածների ժամանակ ողջ մնացածներից շատերը թրքացվեցին, մահմեդականացվեցին: «Վանքի երեխաները» ֆիլմը նկարահանվել է Հալվորի Վանք գյուղի և Սուրբ Կարապետ վանքի տարածքում:
Ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է Թուրքիայում: «Ֆիլմը նկարելիս փորձել ենք խոսքը տալ նրանց, ովքեր խոսում են ֆիլմում: Իրենք ինչպես ներկայացնում են, այնպես թողել ենք: Եվ, բնականաբար, ֆիլմում կա ցեղասպանություն բառը»,- նշեց ֆիլմի ռեժիսորը: