Վատ չի, որ Հայաստանին բարեկամ է համարում ռուսների 12 տոկոսը․ Ահարոն Ադիբեկյան
«Ընտրողն առաջնահերթ այս իշխանություններից սպասում է, որ աշխատատեղեր բացվեն։ Շատ բան կախված է ներքին կայունությունից»,- այսօր մամուլի ասուլիսին ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը, անդրադառնալով հասարակական ներկա տրամադրություններին։
Անդրադառնալով «Լևադա-կենտրոն» ռուսական հետազոտական կազմակերպության՝ Ռուսաստանում անցկացրած հարցմանը, ըստ որի Հայաստանին բարեկամ երկիր է համարում հարցվածների 12 տոկոսը, Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ դա վատ ցուցանիշ չի համարում և դա պայմանավորում է հայերի նկատմամբ նախանձով:
Նա նշեց, որ Հայաստանում անցկացրած հարցումների համաձայն՝ 60 տոկոսից ավելին ամենամոտ բարեկամ երկիրը համարում է Ռուսաստանը, այնուհետև գալիս է Եվրամիությունը, իսկ հետո՝ Իրանը և ԱՄՆ-ն: