Հայաստանի-Արգենտինա դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված միջոցառում է կազմակերպվել Բուենոս Այրեսում
Հուլիսի 5-ին Բուենոս Այրեսում՝ Արգենտինայի ԱԳՆ Մանուել Բելգրանո դահլիճում, նշվեց Հայաստանի և Արգենտինայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը:
Միջոցառմանը ներկա էին մոտ 300 հյուրեր, որոնց թվում էին Արգենտինայի բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, խորհրդարանականներ, հայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչներ:
Հանդիսությանը բացման խոսքով հանդես եկավ Արգենտինայի արտաքին հարաբերությունների փոխքարտուղար Գուստավո Սլաուվինենը: Նա առանձնահատուկ նշեց մեկ դարից ավելի Արգենտինայում բնակություն հաստատած հայ համայնքի նշանակալի ներդրումը երկրի տնտեսական և մյուս ոլորտների զարգացման գործում:
Արգենտինայում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանը, ելույթ ունենալով միջոցառմանը, անդրադարձավ հայոց պետականության կայացման գործընթացին, հայ և արգենտինացի ժողովուրդների ամուր բարեկամությանը:
Միջոցառման գեղարվեստական հատվածում հանդես եկան արգենտինացի անվանի բանդոնեոնահար Ռոդոլֆո Մեդեյրոսը և ջութակահար Ռաֆայել Ջինտոլին, հայ երգչուհիներ Ալլա Ավետիսյանը, Վալերիա Չերեքյանը, ինչպես նաև «Գայանե» պարախումբը: