211652_close_icon
views-count11702 դիտում article-date 22:18 07-07-2017

Կարկուտից վնասների հաշվարկները կկատարվեն, ակտերը կներկայացվեն կառավարություն, որից հետո որոշում կկայացվի. Գյուղնախ.

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանն երեկ երեկոյան և այսօր այցելել է Արագածոտնի մարզի մի շարք համայնքներ` նախօրեին տեղացած կարկտահարության պատճառով գյուղատնտեսությանը հասցված վնասի չափերը դիտարկելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից: Դիտարկման արդյունքներում պարզվել է, որ առավել մեծ վնասներ են կրել, մասնավորապես, Արագածոտնի մարզի Զարինջա, Արագածավան, Մաստարա, Թաթուլ, Արտենի, Ոսկեթաս, Ծաղկասար, Արևուտ, Թալին, Սորիկ, Սուսեր, Նոր Արթիկ, Ցամաքասար, Հացաշեն, Կանչ, Հակո, Գետափ, Շիրակի մարզի Ձիթհանքով, Քարաբերդ, Լանջիկ, Սառնաղբյուր, Բագրավան համայնքները, տուժել են նաև համայնքներ Վայոց ձորի մարզում: Փոխնախարարի խոսքով՝ ընդհանուր առմամբ այս տարի հանրապետությունում կարկտահարությունից տուժել է 50 համայնք, վնասվածությունը հիմնականում 50 տոկոսից բարձր է, որոշ վայրերում այն հասնում է մինչև 100 տոկոսի: «Ոչ միայն նախօրեին, այլև մինչ այդ տարբեր մարզերում տեղի ունեցած կարկտահարության դեպքերից հետո կառավարությունում վարչապետի հանձնարարությամբ ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք զբաղվում են վնասների չափերի հավաքագրման աշխատանքներով: Հաշվարկները կկատարվեն, ակտերը կներկայացվեն կառավարություն, որից հետո որոշում կկայացվի, սակայն 50 տոկոս և ավելի վնասներ ունեցող բոլոր հողօգտագործողների համար աջակցություն ցուցաբերելու մասով հիմնականում քաղաքականությունը նույնն է լինելու», - նշել է փոխնախարարը:

Նմանատիպ նյութեր