Ուկրաինայում առաջարկել են դադարեցնել տրանսպորտային հաղորդակցությունը Ռուսաստանի հետ
Ղրիմում Ուկրաինայի նախագահի ներկայացուցիչ Բորիս Բաբինը Կիևին կոչ է արել դադարեցնել տրանսպորտային հաղորդակցությունը Ռուսաստանի հետ: Նրա կարծիքով, նման քայլը նվազագույնի կհասցնի «Ռուսաստանում պոտենցիալ պատանդների» թիվը:
Բաբինը վստահ է, որ Ղրիմում և Դոնբասի տարածքում գտնվող բոլոր ուկրաինացիները Ռուսաստանի պատանդներն են, որը՝ ըստ քաղաքական գործչի, «ագրեսոր» է:
«Երկու գլխավոր խնդիր ունենք. Ռուսաստանում նման պոտենցիալ պատանդների քանակի մինիմալիզացիան և նրանց պաշտպանությունը: Նախևառաջ պետք է դադարեցնենք Ռուսաստանի հետ կազմակերպված ուղևորատար տրանսպորտային հաղորդակցությունը», գրել է Բաբինը:
Նշենք, որ ավելի վաղ Ուկրաինան փակել էր իր օդային տարածքը ռուսական ուղևորատար և բեռնատար ավիափոխադրումների համար. 2015թ. հոկտեմբերի 25-ից ռուսական ավիաընկերություններին արգելված է թռչել Ուկրաինայի տարածքի վրայով: Նույն օրը Ռուսաստանը նմանատիպ արգելք էր դրել ուկրաինական ավիափոխադրողների համար: