«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի աջակցությամբ 27 նոր հասարակական կազմակերպություն է գրանցվել
Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում շարունակվում է քաղհասարակության կազմակերպություններին (ՔՀԿ) իրավաբանական անվճար աջակցության տրամադրումը՝ կանոնադրությունը օրենքին համապատասխանեցնելու, ինչպեսև նոր ՀԿ կանոնադրություններ մշակելու և գրանցելու հարցում։
Գեղարքունիքի մարզում գործող և երեխաների բարեկեցության ապահովմամն ուղղությամբ ծրագրեր իրականացնող «Ընտանիք և համայնք» բարեգործական ՀԿ նախագահ Քնարիկ Գարանֆիլյանը նշում է, որ իրենց կազմակերպության կանոնադրությունը փոփոխելու գործընթացը բավականին հարթ է անցել՝ ծրագրի իրավաբան Լիանա Մակվեցյանի աջակցությամբ։
«Փետրվարի 2-ին իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից հաստատվեց մեր կազմակերպության կանոնադրությունը: Մեր կանոնադրության մեջ փոփոխությունները վերաբերում էին նոր օրենքով սահմանված դրույթներին, շատ կարևոր է սահմանափակ անդամություն նախատեսող դրույթի ամրագրումը, ինչպես նաև շահառուների հիմնական խմբի նախատեսումը»,- ասաց Քնարիկ Գարանֆիլյանը։
Ծրագրի իրավաբան Վաչե Բաղդասարյանի աջակցության այս տարվա փետրվարին իրավաբանական անձանց պետական ռեգիստրում վերագրանցվել է նաև «Արարատ քաղաքի զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին աջակցող» ՀԿ-ի կանոնադրությունը, որը փոփոխվել է և համապատասխանեցվել նոր օրենսդրությանը։
«Մեր կազմակերպությունն իր գործունեության 4 տարիների ընթացքում աջակցում է զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին՝ նրանց տրամադրելով օժանդակ հագուստ, էլեկտրական սայլակներ և ձեռքի ամրասայլակներ, սնունդ։ Եվ մեր կանոնադրության համապատասխանեցումն օրենքին ու գրանցումը հնարավորություն է տալիս առանց խոչընդոտի շարունակել մեր այս գործը»,- ասաց «Արարատ քաղաքի զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին աջակցող» ՀԿ նախագահ Էմմա Կորնիենկոն։
Այս տարվա մարտի 1-ի դրությամբ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում Երևանում և մարզերում տրամադրված իրավաբանական աջակցության շնորհիվ 154 հասարակական կազմակերպություն իր կանոնադրությունը փոփոխել և վերագրանցել է, և 27 նոր հասարակական կազմակերպություն է կանոնադրություն մշակել և գրանցել։
Եթե Դուք նույնպես քաղաքացիական ակտիվիստ ե՞ք և ցանկություն ունեք իրավաբանական աջակցություն ստանալու, ապա դիմեք մեզ [email protected] հասցեով՝ առաջիկա դասընթացին գրանցվելու և իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար։
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնցից են արդարադատությունը, կրթությունը և բիզնեսը:
Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) ստեղծվել է 1995թ.-ին: ԻՀԱ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունն իրազեկ է, իսկ նրա իրավունքները՝ պաշտպանված: Մինչև 2016 թ. փետրվար ամիսը ԻՀԱ-ի անվանումն էր Հայասատանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա: