211652_close_icon
views-count6711 դիտում article-date 11:53 11-06-2018

Դավիթ Փախչանյանը նշանակվել է պաշտպանության փոխնախարար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դավիթ Փախչանյանը նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ, այս մասին տեղեկացնում է կառավարության կայքը։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Դավիթ Փախչանյանին նշանակել պաշտպանության նախարարի տեղակալ՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ-պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատարի պաշտոնից»,– ասվում է որոշման մեջ։ Կենսագրություն Դավիթ Փախչանյանը ծնվել է 1970 թվականի նոյեմբերի 6-ին Երևանում։ Ավարտել է ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը, ապա՝ Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի («Ֆիզտեխ») ընդհանուր և կիրառական ֆիզիկայի ֆակուլտետը։ 2008-2010 թվականներին սովորել է Մոսկվայի Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցում, ստացել ընդհանուր և ռազմավարական կառավարման մագիստրոսի աստիճան։ Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտին կից անցել է ռազմական պատրաստություն, ունի պահեստազորի «լեյտենանտ» զինվորական կոչում: Աշխատանքային գործունեություն 1996 թվականին Դավիթ Փախչանյանը համահիմնադրել է «Աերոսիբ» ավիափոխադրումների ընկերությունը, իսկ 2006 թվականին՝ «Բենհուր Փախչանյան» բարեգործական հիմնադրամը: Նույն թվականին մի խումբ ընկերների հետ միասին հիմնել է «Այբ» ակումբը և «Այբ» կրթական հիմնադրամը։ 2014 թվականին համահիմնադրել է «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամը։ Այժմ հանդիսանում է հոգաբարձուների խորհրդի անդամ։ 2016 թվականի հունիսին ՀՀ նախագահի հրամանով նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ։ Գործունեությունը «Այբ»-ում 2006-2008 թվականներին և 2011-2013 թվականներին Դավիթ Փախչանյանը եղել է «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։ 2008թվականին Դավիթ և Արամ Փախչանյանների հովանավորությամբ «Այբ» հիմնադրամը Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում ստեղծել է ֆիզիկայի և քիմիայի արդիական երկու լաբորատորիա՝ «ԱյբԼաբ»: 2008-2010 թվականներին եղել է «Այբ» ակումբի վարչության անդամ։ 2011 թվականից եղել է «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ։ 2013 թվականից եղել է «Դիլիջանի կենտրոնական դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։ 2014 թվականի հունվարից «Դիլիջանի կենտրոնական դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։ 2015 թվականի մայիսից «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։

Նմանատիպ նյութեր