Կառավարությունն առաջարկում է բարելավել գործարար միջավայրը
Կառավարությունն այսօր արտահերթ նիստում քննարկել է գործարար միջավայրի բարելավման, հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման քաղաքականության իրականացման ուղղված օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը:
Մասնավորապես՝ առաջարկվել են «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին» և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը։
Նշված նախագծերի փաթեթով առաջարկվում է հնարավորություն ստեղծել, որպեսզի առևտրային բանկերը կարողանան առանց լրացուցիչ հարկային պարտավորություններ կրելու ֆիզիկական անձանց ներել մինչև 2018 թվականի մայիսի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանքները:
Առաջարկվում է ֆիզիկական անձանց համար իրականացնել ևս մեկ համաներում՝ կապված գույքի (ավտոմեքենա, բնակարան, առանձնատուն, արտադրական, հասարակական կամ այլ առևտրային տարածք) օտարման գործարքներից առաջացող ԱԱՀ-ի նկատմամբ հաշվարկված տույժերի ու տուգանքների հետ պայմանով, որ օրենքի ընդունումից սկսած 90 օրվա ընթացքում վճարվի հարկի մայր գումարը:
Նախագծերի անհրաժեշտությունն այն է, որ շատերը չեն հասցրել օգտվել նախկին համաներումից և ներկայումս ունեն կուտակված հարկային պարտավորություններ: Մասնավորապես, 2016-2017թթ. նշված արտոնությունների կիրառումից հետո լիազոր մարմինների կողմից տրամադրվել են տեղեկություններ ֆիզիկական անձանց կողմից իրականացված գույքի օտարման գործարքների վերաբերյալ: Եթե այդ տեղեկությունները ՀՀ ԿԱ ՊԵԿ-ին տրամադրվեին արտոնությունների տրամադրման ժամանակահատվածում, ապա նշված ֆիզիկական անձինք, իմանալով իրենց հարկային պարտավորությունների մասին, կարող էին օգտվել արտոնությունից:
Առաջարկվում է նաև կարգավորել 2018 թվականի հուլիսի 1-ից հանրային սննդի գործունեությունը արտոնագրային հարկի համակարգից շրջանառության հարկի համակարգ տեղափոխելու հետ կապված խնդիրները, որպեսզի այս ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտները կարողանան սահուն անցում կատարել հարկման նոր համակարգին: