211652_close_icon
views-count2872 դիտում article-date 18:59 07-07-2019

Գևորգ Դանիելյան. Դուք ինչպե՞ս եք պատրաստվում մանուկների փոխարեն որոշել նրանց ճակատագիրը

ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ինձ համար ոչ մի նշանակություն չունի, թե երբ են ստորագրել ստամբուլյան կոնվենցիան, ուստի մի փորձեք ինձ անհարկի կաշկանդել, թե բա ինչո՞ւ ժամանակին չէիք բարձրաձայնում, երբ ստորագրվում էր: Իսկ հիմքեր ունեմ խոսելու, որովհետև՝ ա) հայտնի պատճառներով 2010-18 թթ. պետական համակարգում չեմ աշխատել և որևէ ազդեցություն չունեի, ինչպես և հիմա չեմ աշխատում, բ) միջազգային փաստաթուղթն ստորագրելը դեռ չի նշանակում, որ այն անխուսափելիորեն պետք է ճանաչվի սահմանադրական և վավերացվի, գ) տարիներ շարունակ բազմիցս, և որպես գիտնական և որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ, բարձրաձայնել եմ և, հատկապես, «Շողակաթ»-ով խնդրին քաջատեղյակ Սրբազան հայրերի հետ հանգամանորեն անդրադարձել ենք ընտանիքում բռնության օրինագծերի թերություններին, դրանցում առկա, այսպես կոչված, «փաստացի ընտանիք», «զուգընկեր» և նմանաբնույթ այլ եզրույթների ներմուծման վտանգին և այլն, դ) Հայ Եկեղեցու հետևողական պաշտոնական արձագանքների շնորհիվ մասամբ հնարավոր եղավ մեղմելու այդ ապազգային ու երեխաների իրավունքները խաթարող նորմերը: Ուշադրություն ենք հրավիրել այն հանգամանքի վրա, որ որևէ հետխորհրդային երկրում այդչափ անհարկի ընդգրկուն օրենք չի ընդունվել: Ինձ և իմ նման մտածող մարդկանց պրիմիտիվ եղանակներով փորձում են մեղադրել իբր բռնությունն անտեսելու կամ դրա դեմ պայքարը բացառելու մեջ, ինչը կատարյալ մոլորություն է, քանզի այս օրենսդրական ագրեսիվ նորմերը, միայն մասամբ լուծելով բռնությունը կանխարգելելու խնդիրը, հընթացս թիրախ են ընտրել բոլորովին այլ արժեքներ, որոնք ոչ մի կապ չունեն հռչակված նպատակների հետ: Խնդրեմ, թող ստամբուլյան կոնվենցիան վավերացվի հստակ վերապահումներով, որպեսզի այն որևէ առնչություն չունենա «զուգընկերների» և նմանաբնույթ այլ մարդկանց թվացյալ իրավունքների հետ՝ ի հեճուկս հայ երեխաների լավագույն իրավունքների խաթարման: Չմոռանանք, որ երեխաների իրավունքներն առաջնային են ոչ միայն հայրենական Սահմանադրությամբ, այլև միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերով: Դուք ինչպե՞ս եք պատրաստվում մանուկների փոխարեն որոշել նրանց ճակատագիրը, ինչպե՞ս եք պատասխանելու ոչ պակաս մյուս կարևոր հարցերին, ի՞նչն է, օրինակ, Ձեզ վստահություն ներշնչում, որ այդ փնթի օրենքները չեն դառնալու այլանդակ չարաշահումների միջոց, ինչը ներկայումս լայն տարածում ունի ողջ Եվրոպայում ....»:

Նմանատիպ նյութեր