«Կառավարական շենքերում նստած պաշտոնյան պիտի գիտակցի, որ մենք աշխատանքը պահելու խնդիր ունենք». ՄՈԲ-ի հրամանատարները զորացրման հարցով դիմել են Պաշտպանության նախարարին. Yerevan.Today
Պատերազմը դադարեցնելու ակտի ստորագրումից անցել է մեկ ամիս, բայց հայկական զինուժը շարունակում է ՄՈԲ պահեստազորայիններին պահել ինչ-որ անհասկանալի հասցեներում, գրում է [url=https://yerevan.today/all/hetaqnnutyun/71721/mob-i-hramanatarnery-dimoum-en-pashtpanoutyan-naxararin?fbclid=IwAR3Gqtjvd9iL17DmF1ISs8Rw9uvyhcGA7QsAGNzA8BipttJk3s7iXWT5iY0]Yerevan.Today[/url]-ը:
ՄՈԲ ռեսուրսը ցրելու մասին վերջին հայտարարությունը եղել է նախկին նախարար Դավիթ Տոնոյանի կողմից:
«Հիմա իրականացվում են Զինված ուժերի վերաբաշխումներ, ուստի զորահավաքային ռեսուրսը ու ծառայողներների արձակուրդների և ազատումների վերաբերյալ տեղեկատվություն կտրամադրվի՝ դեկտեմբերի 1-ից հետո, երբ կունենանք արդեն վերջնական կառուցվածք և պատկերացում՝ զինված ուժերի տեղակայման վերաբերյալ»,- նոյեմբերի 18-ին ԱԺ ամբիոնից խոստացել էր նախարար Տոնոյանը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Սյունիքում ՄՈԲ ռեսուրսով դեռևս ծառայության մեջ գտնվող ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը խնդրին իր բացատրությունն ունի, «Դե, իրենց պետք չէ, որ գան։ Գան պատմեն, գան ասեն՝ բա ինչո՞ւ էիր դավաճան հանում «մոբին», Նիկոլ»:
Լրատվամիջոցը նշում է՝ պաշտպանության նախարարությունը կատեգորիկ հրաժարվում է մեկնաբանել, թե ինչու է պատերազմի դադարից մեկ ամիս անց ՄՈԲ ռեսուրսը դեռ պահվում զորամասերում։ Եռակողմ պայմանագրից հետո հայտնի չէ՝ արդյո՞ք պահեստազորայիններից առհասարակ եղել են զորացրվածներ, ինչո՞ւ է ուշանում համապատասխան հրամանը, գետնին քնողների համար ստեղծվեցի՞ն այս ընթացքում պատշաճ պայմաններ, նախարարության լրատվական վարչության պետ Գևորգ Ալթունյանը Yerevan.Today-ի հետ զրույցում ի վիճակի չեղավ այս բոլոր հարցադրումներից գոնե մեկին սպառիչ պատասխան տալ, պահանջեց գրավոր դիմել։ Ասաց նաև, թե իրեն կոնկրետ տվյալներ են պետք, որպեսզի պատասխան հնչի, իսկ մեզ ահազանգով դիմած ՄՈԲ պահեստազորային սպաներից որևէ մեկի անունը չենք նշում` տղաներին չթիրախավորելու համար։
Yerevan.Today-ին են ահազանգել պահեստազորային 7 սպա, և պահանջում են նախարարության կողմից հստակ պատասխաններ: «Նոյեմբերի 10-ից պատերազմը դադարել է, թշնամու հետ կնքած ակտի համաձայն պարտաճանաչ կերպով մինչև դեկտեմբերի 1-ը թշնամուն են հանձնվել Արցախի տարածքները: Ու թվում էր՝ հերթը մեր զորացրվելուն է հասել, բանակը զորակոչով կվերակազմավորվի ու մենք էլ կվերադառնանք քաղաքացիական կյանքի մեր պարտականություններին, բայց ոչ...
ՄՈԲ-ով բանակին միացած ռեսուրսին մոռացել են վերադարձնել բնականոն կյանք։ Բայց ով է իրավիճակի տերը, ումի՞ց պատասխան ստանանք, չգիտենք, շատ մտահոգված ենք այս անտարբերությունից։ Անգամ 7 սպաներով պաշտոնապես զեկուցագիր ենք գրել ՊՆ-ին, դարձյալ պատասխան չկա:
Կառավարական շենքերում նստած պաշտոնյան պիտի գիտակցի, որ մենք ունենք աշխատանքը պահելու խնդիր, գործատուներից պարբերաբար զանգեր ենք ստանում, բացատրում ենք, որ իրավիճակի տերը մենք չենք, մեզ ռազմական դրության պատճառով են պահում, հավատացող չկա:
Այսքանից հետո մնում է հավատալ, որ մեզ միտումնավոր չեն զորացրում` ինֆորմացիայի արտահոսքերից խուսափելու համար։ Այդ մտավախությունը կա, որ ինֆորմացիոն բլոկադայի նպատակով են մեզ պահում, երևի այն մտայնությամբ, որ ռազմաճակատից իրականությունը տուն չգա մեզնից ամեն մեկի հետ, չհանրայնացվի այն ինչ տեսել եք մեր աչքով: Սա աբսուրդի թատրոն է, մի՞թե այսքանից հետո դեռ կան պաշտոնյաներ, որ հավատում են թե ի վիճակի են ինֆորմացիոն բլոկադա պահել»,- աղբյուրի հաղորդմամբ՝ հարց են բարձրացնում ՄՈԲ պահեստազորային տղաները և պահանջում են անհապաղ իրավիճակին լուծում տալ կամ գոնե հստակ ժամկետներ նշել զորացրվելու մասին:
Տղաները նաև բարձրացնում են վարձատրության հետ կապված լուրջ խնդիրներ։ Բանն այն է, որ միաժամանակ զորակոչված ՄՈԲ սպաներին խիստ տարբեր չափերի փոխհատուցում են տրամադրել`150 - 300 հազար դրամի սահմաններում:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր [url=https://yerevan.today/all/hetaqnnutyun/71721/mob-i-hramanatarnery-dimoum-en-pashtpanoutyan-naxararin?fbclid=IwAR3Gqtjvd9iL17DmF1ISs8Rw9uvyhcGA7QsAGNzA8BipttJk3s7iXWT5iY0]կայքում[/url]: