211652_close_icon
views-count2143 դիտում article-date 18:54 17-01-2021

Հայաստանն ընդունո՞ւմ է, որ «Շուշին Ադրբեջան է եւ վերջ». Վահրամ Աթանեսյանի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին

Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Բաց նամակ Հայաստանի Հանրապետության գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հունվարի 15-ին, Մոսկվայում եռակողմ հանդիպումից չորս օր հետո, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տիկնոջ և դստեր հետ այցելել է Շուշի և հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այլևս գոյություն չունի, իսկ այդ մասին խոսողներին սպասվում է ,,երկաթե բռունցքի ևս մեկ հարված,,: Ադրբեջանի նախագահի կեցվածքը հիմնավորապես հակասում է նոյեմբերի 10-ի եռակողմ Հայտարարությանը, որով չի կանխորոշվում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, իսկ ռուս խաղաղապահների մուտքը՝ երաշխավորում տեղաշրջանի հայ բնակչության անվտանգությունը: Հայաստանի պատկան մարմինը՝ ԱԳՆ-ն, պարտավոր էր Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարման մասին համաձյանության կողմ հանդիսացող Ռուսաստանի Դաշնությանը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը, Միավորված ազգերի կազմակերպությանը, ԵԱՀԿ -ին անհապաղ բողոքի նոտա հղել՝ իրազեկելով Ադրբեջանի նախագահի այլատյացության և նրա կողմից ուժի կիրառման սպառնալիքի մասին: Ավելին, ձեր կառավարությունը պետք է հայտարարեր Ադրբեջանի հետ քաղաքական քննարկումների առկախում՝ մինչև Իլհամ Ալիևը պաշտոնապես ներողություն կխնդրի Արցախի հայ բնակչությանը ֆիզիկական բնաջնջման կամ տոտալ բռնատեղահանության ենթարկելու իր մարդատյաց մտադրության համար: Հայաստանի կառավարությունը, ցավոք, որևէ կերպ չանդրադարձավ Իլհամ Ալիևի սպառնալիքներին: և ոչ միայն: Ադրբեջանի նախագահի վարքը քաղաքական գնահատականի չարժանացավ անգամ Ազգային ժողովի կողմից, որտեղ ձեր գլխավորած ուժը սահմանադրական մեծամասնություն ունի: Հայաստանի կառավարության և Ազգային ժողովի մեծամասնության այդ՝ առնվազն տարակուսանք հարուցող, կեցվածքն առաջացնում է երկու հարց. ա) Մոսկվայի եռակողմ հանդիպմանը քննարկվե՞լ է Ադրբեջանի նախագահի այցը Շուշի, բ) Հայաստանն ընդունու՞մ է, որ ,,Շուշին Ադրբեջան է և վերջ,,՝ դրանից ենթադրվող հետևանքներով հանդերձ, որ Ադրբեջանի նախագահը ձևակերպում է իբրև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ որպես պետականության, դադարում: Ակնկալում եմ հստակ պատասխան: Առաջին գումարման ՀՀ Գերագույն խորհրդի, երրորդ, չորրորդ և հինգերորդ գումարումների ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ Վահրամ Աթանեսյան
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր