211652_close_icon
views-count2101 դիտում article-date 15:02 29-01-2021

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ չընտրվեց. թեկնածուներից ոչ ոք բավարար ձայներ չհավաքեց

ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունենում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգային երկրորդ հարցով նախատեսված էր Հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրություն, սակայն առաջադրված երկու թեկնածուներից ոչ ոք բավարար ձայներ չի հավաքել: Տեղեկացնում է ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը։ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության շրջանակում նիստը նախագահող Անահիտ Չուբարյանն առաջադրեց Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ. դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանի թեկնածությունը, իսկ ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը՝ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանի թեկնածությունը։ ՀԽ նախագահի թեկնածուները Խորհրդի անդամներին ներկայացրին իրենց գործունեությունը, համալսարանի զարգացման գործում ՀԽ-ի դերի իրենց պատկերացումները և պատասխանեցին նիստի մասնակիցների հարցերին։ ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանի առաջարկությամբ և Հոգաբարձուների խորհրդի ներկա անդամների մեծամասնության համաձայնությամբ քվեարկությունն անցկացվեց փակ գաղտնի ձևով: Քվեարկության արդյունքների համաձայն՝ Հայկազ Նավասարդյանը հավաքեց 14, իսկ Կառլեն Խաչատրյանը՝ 15 ձայն, ինչը, ըստ կանոնակարգի, բավարար չէ նախագահ ընտրվելու համար: Հիշեցնենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ Գևորգ Մուրադյանը հրաժարական էր ներկայացրել դեկտեմբերի սկզբին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր