211652_close_icon
views-count267491 դիտում article-date 09:24 02-03-2021

Երևանում մահվան ելքով վրաերթի հեղինակը «Ռիո Մոլ»-ի փոխտնօրենն է, մահացածն էլ «Գալաքսի» ընկերությունների բովանդակության և ստեղծարար ծրագրերի ղեկավարն էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է Երևանի բնակիչ՝ 31-ամյա Տիգրան Բոշյանի կողմից Բաղրամյան պողոտայում վրաերթի հետևանքով «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված ու  այնտեղ մահացած հետիոտնի ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը Երևանի բնակիչ՝ 35-ամյա Սոսի Խանիկյանն էր։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Տ. Բոշյանն աշխատոմ է Երևանում հայտնի «Ռիո Մոլ»-ում՝ որպես փոխտնօրեն, իսկ մահացած Ս. Խանիկյանը աշխատում էր «Գալաքսի» ընկերությունների խմբում՝ որպես բովանդակության և ստեղծարար ծրագրերի ղեկավար։  Ս․ Խանիկյանը հայտնի «Արցախ» երգի խոսքերի հեղինակն էր։ Նա բազմաթիվ ճանաչված երգերի խոսքերի հեղինակն էր, հայկական շոու-բիզնեսի ամենահայտնի ներկայացուցիչների հիթերի համար` Շպռոտ` «Եղիր Ազատ», H.A.Y.Q.` «Մի պատմություն», Էմմի` «Boom-Boom», Արծվիկ` «Դու մնա» և այլն... 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ մարտի 1-ին, մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում:

Ժամը 20:20- սահմաններում Երևանի բնակիչ, 31-ամյա  Տիգրան Բոշյանը իր վարած Mercedes Տ400  մակնիշի 11 ՍՍ 071 համարանիշի  ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում՝ նախկին Կամոյի դպրոցի հարևանությամբ, վրաերթի էր ենթարկել 20-25 տարեկան աղջիկ հետիոտնի:

Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր Երևանի  1-03 շտապօգնություն և օգնել էր օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին՝ վիրավորին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:  

Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության  1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի տեսուչներ Հովիկ Հարությունյանն ու Տիգրան Գևորգյանը:  

Մինչ դեպքի վայրում սպասում էին, որպեսզի ժամանեին ՃՈ հետաքննչները, հիվանդանոցից Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ  վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով՝ մահացել է, ինչի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  ճանապարհատրանսպորտային  հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Արթուր Գասոյանի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի            
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր