211652_close_icon
views-count370845 դիտում article-date 23:44 12-04-2021

Մահվան ելքով վրաերթ Երևանում. ծանրամարտի աշխարհի չեմպիոնը «Երևան մոլի» դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
 
Ժամը 22:50-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 24-ամյա Սիմոն Մարտիրոսյանը, իր վարած Mercedes CLՏ 550 մակնիշի 01 MՏ 333 համարանիշի ավտոմեքենայով, Արշակունյաց պողոտայում, «Երևան մոլի» դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնի:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին բժիշկների հետ տեղափոխել հիվանդանոց, սակայն վրաերթի ենթարկվածը ճանապարհին՝ գիտակցության չգալով, մահացել է:
 
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի տեսուչներ Գրիգոր Գրիգորյանն ու Սամսոն Սահակյանը:
 
Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի Ճանապարհային ոստիկանության պետ Խաչիկ Սամվելյանն ու Երևանի ՃՈ պետի տեղակալ Անդրանիկ Իսախանյանը:
 
Վարորդը ՃՈ 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի տեսուչ Դավիթ Ավալյանի կողմից ենթարկվեց սթափության փորձաքննության, պարզվեց, որ վարորդը եղելէ սթափ:
 
Շտապօգնություն զանգահարելուց հետո վարորդը զանգահարել է նաև ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն:
 
Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նարեկ Ստեփանյանի գլխավորությամբ:
 
Փաստի առթիվ Ն. Ստեփանյանի որոշմամբ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
 
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
 
Ոստիկանությունն ու քննչական բաժին պարզում են մահացածի ինքնությունը:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդը ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն է, որն այսօր էր ծանրամարտի Հայաստանի հավաքականի հետ վերադարձել Երևան՝ Մոսկվայում ավարտված Եվրոպայի առաջնությունից հետո:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր