211652_close_icon
views-count54690 դիտում article-date 11:35 01-07-2021

Երևանում դանակահարել են Հատուկ քննչական ծառայության նախկին պետի տղային, ով աշխատում է Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ, կասկածյալը պաշտոնյա է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 30-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 01։30-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետի տեղակալ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Նարեկ Շահինյանն է։

Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, Կենտրոնի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Տերյան-Իսահակյան փողոցների խաչմերուկից, որտեղ տեղի է ունեցել վիճաբանություն ու ծեծկռտուք, որի ժամանակ էլ Ն. Շահինյանին դանակով հարվածել են։

Ըստ բժշկի հայտնածի՝ Ն. Շահինյանը ի վիճակի չի կատարածի մասին հաղորդագրություն տալու։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Շահինյանն աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում՝ որպես պետի տեղակալ։ Նրա հայրը Հայաստանի հատուկ քննչական ծառայության նախկին պետ Վահրամ Շահինյանն է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրան դանակահարելու մեջ որպես կասկածյալ որոնվում է Կենտրոն թաղապետարանի բաժիններից մեկի պետը։

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր