211652_close_icon
views-count3269 դիտում article-date 10:49 07-07-2021

ՀԱՊԿ-ն ձևական կառույց է, որեւէ մտադրություն չունի ապահովելու Հայաստանի անվտանգությունը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հայտարարությունն այն մասին, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցողը «սահմանային միջադեպ է», եւ այդ կազմակերպությունը նման պարագայում անելիք չունի, մեծ դժգոհություն է առաջացրել Հայաստանում: Մեր այն քաղաքական շրջանակները, որոնք կարծում են, թե անվտանգության համակարգը, որի հովանոցի տակ է ներկայումս գտնվում Հայաստանը, կարող փոխարինվել մեկ այլ համակարգով, Զասի հայտարարության մեջ տեսան այն «վերջին կաթիլը», որը պետք է դրդի մեր պետությանն անել այդ վճռական քայլը: Իշխանամետ քաղաքական գործիչներն ու հ/կ-ները նույնպես, արմատականության տարբեր աստիճանով, նմանատիպ կարծիք են հայտնում:

Նախ արձանագրենք, որ ՀԱՊԿ-ն իսկապես ձեւական կառույց է, որը, որպես կազմակերպություն, որեւէ մտադրություն չունի ապահովելու Հայաստանի անվտանգությունը՝ այնտեղ, բացի Ռուսաստանից, հավաքվել են պետություններ, որոնք ավելի շուտ Ադրբեջանի, քան Հայաստանի դաշնակիցներն են: Դա չի նշանակում սակայն, որ այսօրվա Հայաստանը քաղաքական եւ ռազմական ռեսուրս ունի իր հարաբերությունները փչացնել ՀԱՊԿ-ի հետ կամ, առավել եւս, ինչպես որ դա որոշ «տաք գլուխներն» են խորհուրդ տալիս՝ «դուրս գալ ՀԱՊԿ-ից»: Դա կնշանակեր հակադրվել Ռուսաստանին՝ մի երկրի, որը, որքան էլ դա հաճելի կամ տհաճ լինի, մեր այս ողբալի վիճակում միակն է, որ կարող է ապահովել հայկական, թեկուզ կիսատ-պռատ, պետականության պահպանումը: Հակադրվել ՀԱՊԿ-ին՝ նշանակում է հակադրվել Ռուսաստանին, որի համար այդ կազմակերպությունն իր կայսրական ամբիցիաների դրսեւորումներից մեկն է: Մեր այսօրվա իշխանությունն այնքան անհեռատես էր, որ, ինչ-ինչ պոպուլիստական մղումներից ելնելով, որոշեց «փակել» ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին՝ այն էլ մի մեղադրանքով, որը հետագայում չկարողացավ ապացուցել:

Այո, ՀԱՊԿ-ը որեւէ ցանկություն չունի օգնելու մեզ, որպեսզի ադրբեջանցի զինծառայողները դուրս գան մեր ինքնիշխան տարածքից: Ռուսաստանն էլ այս հարցում մեզ օգնելու որեւէ ցանկություն չունի: Կասկածում եմ, որ այստեղ մեզ կարող են օգտակար լինել նաեւ Ֆրանսիան, ԱՄՆ-ն, ՄԱԿ-ը: Խնդիրն, ինձ թվում է, պարզ է. եթե դու այնքան խեղճ ես ու անճարակ, որ չես կարողանում պաշտպանել քո սահմանները օտարի ներխուժումից եւ այնքան անխելք ես, որ հայտարարում ես, թե քո բանակը պետք է կրճատես, ինչո՞ւ պետք է որեւէ մեկը քեզ օգնի: Այնպես որ Ռուսաստանի վրա «մուննաթ գալը»՝ մանավանդ, երբ դա անում են իշխանամերձ շրջանակները, մեղմ ասած, տեղին չէ:

Հարցն այն չէ, Ռուսաստանում հաստատված ռեժիմը կամ այդ երկրի արտաքին քաղաքականությունը մեզ դուր է գալիս, թե՞ ոչ: Անձամբ ես շատ կցանկանայի, որ Հայաստանը լիներ Սլովենիայի կամ Էստոնիայի կարգավիճակում՝ դրանից բխող բոլոր քաղաքական եւ մշակութային առանձնահատկություններով: Բայց ուղեղն անջատելն ու երազանքներով ապրելը բերում է հենց այն իրավիճակին, որում մենք հիմա գտնվում ենք: Եվ դա դեռ մեր փորձանքների վերջը չէ, եթե շարունակենք ցանկալին դնել իրականի տեղ»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր