211652_close_icon
views-count27756 դիտում article-date 15:42 10-07-2021

Հպարտ ենք, որ այսուհետ մեր տան մի անկյունում ունենալու ենք մեզ համար լեգենդ դարձած հրազդանցի Թաթուլի անվան հուշամեդալ. Հրազդանում տեղի ունեցավ Թաթուլ Հակոբյանի անվան ձյուդոյի առաջնություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍՆԱՅՈՒԹԵՐ

Երեկ՝ հուլիսի 9-ին, Հրազդան քաղաքի Ա. Ռաֆայելյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում տեղի ունեցավ Ձյուդոյի դեռահասների թիմային առաջնություն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն նվիրված էր հրազդանցիների համար արդեն լեգենդ դարձած, Արցախյան վերջին՝ 44-օրյա պատերազմում նահատակված, հերոս, 27-ամյա Թաթուլ Հակոբյանի հիշատակին։

Երեկ հերոսի ծնունդն էր, և մի քանի միջոցառումների շարքում նաև այս առաջնությունն էր, և հաղթողները պարգևատրվեցին Թաթուլի անվան  հուշամեդալներով։ 

Ֆոտոլրագրողի հետ զրույցում մասնակիցները, նրանց հարազատներն ասում էին. «Մեզ համար պատիվ է, որ մասնակցում ենք մեր համաքաղաքացու՝ հայրենիքի համար իր կյանքը զոհաբերած հետախույզ Թաթուլ Հակոբյանի անվան հուշամրցաշարին և որպես հաղթողներ՝ մեզ ավելի պարտավորված ենք զգում, որ այսուհետ մեր տան անկյունում ունենալու ենք հերոսի անվան մեդալ։ Մասնակցելով մրցումներին՝ մենք նաև գիտենք, թե ինչ կենսագրություն է ունեցել Թաթուլը։ Նա, ով առաջնորդվել է Հայաստանի և Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի (Մոնթե) գաղափարներով, բարձր է գնահատել բազմաթիվ հայ հանճարների ու հերոսների կատարած գործը՝ հանուն Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների։ Հիմա մենք պետք է մեր գործով, ինչո՞ւ չէ, նաև՝ մարզական հաջողություններով նմանվենք բազմաթիվ լեգենդ դարձած հայ հերոսներին, այդ թվում՝ մեր սիրելի Թաթուլին։  Մենք երբեք նրան բացակա չենք դնելու։ Թաթուլն ու Թաթուլի նման բազմաթիվ հրազդանցիներ, ինչպես նաև Հայաստանի տարբեր մարզերից ու Արցախից հերոս զինվորներ երբեք մեզ համար մոռացության չեն մատնվի»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հուլիսի 9-ին  Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ջրառատ հուշարձան-պանթեոնում հիշատակի արարողություն և խնկարկում էր տեղի ունեցել լեգենդ դարձած հերոս Թաթուլ Հակոբյանի՝ հրազդանցի Թաթուլ, Մոնթեի հետևորդ Թաթուլ անունը ստացած՝ Թաթուլ Հակոբյանի շիրիմին:

Հայաստանի և Արցախի Հանրապետութունների ազգային հերոս, լեգենդար Մոնթեի գաղափարներով տարված  ու առաջնորդվող Թ. Հակոբյանը միշտ  երազում էր ավարտին հասցնել մեծ հայի՝ Մոնթեի գործը: Ընկերների հետ, երբ սեղան էր նստում, միշտ հիշում էր լեգենդի խոսքը. «Իմ կենացը մի խմեք, այլ իմ գործը շարունակեք», ու նա շարունակում էր Մոնթե Մելքոնյանի գործը:

Երբ 27 տարի առաջ Հակոբյանների ընտանիքում ծնվեց նա, ծնողները՝ ի նշան երախտագիտուիթյան, նրան կոչեցին Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անունով ու դեռ մանկուց նրա հայրենասիրության, հայրենիք համար պատրաստ կյանքը տալու մասին բազմաթիվ  պատմություններ էին շրջանառվում:

Հրազդանցի հերոսի շիրիմին էին այցելել դպրոցականներ, հարազատներ, բարեկամներ ու ընկերներ, այդ թվում՝ զինակից: Խորհրդանշական տորթը լեգենդ դարձած հերոսի շիրիմին դրել էր նրա որդին՝ Մոնթեն, ում անունը՝ ի պատիվ Մոնթե Մելքոնյանի, ծնողները որդուն էին տվել, այնուհետև  փոքրիկ Մոնթեի ձեռքով երկինք էր բաց թողնվել  27 փուչիկ։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 160+
160+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր