211652_close_icon
views-count58519 դիտում article-date 13:41 10-09-2021

Ողբերգական ավտովթար՝ Վայոց Ձորի մարզում. «ՈՒԱԶ»-ը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Սիրեկանյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով երեկ՝ սեպտեմբերի 9-ին, հարուցվել է քրեական գործ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 7-ին, ժամը 23։30-ի սահմաններում ՈՒԱԶ 452 մակնիշի ավտոմեքենան Զառիթափ բնակավայր տանող հին ճանապարհին՝ զառիթափ հատվածում, հողի շերտի վրա առաջացած սահքի պատճառով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, կողաշրջվել և մի քանի մետր գլորվելով՝ հայտնվել ձորում։

Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Վայոց Ձորի մարզի բնակիչներ՝ 40-ամյա Վահե Բաբայանն ու 39-ամյա Արայիկ Արզումանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայք» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Արզումանյանը աշխատում է ոստիկանության Վայքի բաժնի հերթապահ մասի ձերբակալվածների պահման վայրում՝ որպես ոստիկան։

Սեպտեմբերի 8-ին հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Վայքի բաժին, որ Վ. Բաբայանը մահացել է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը։

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր