211652_close_icon
views-count50960 դիտում article-date 12:53 16-09-2021

Գործարար «Լֆիկ Սամոյին»՝ Գյումրիում պատկանող «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ի տարածքում հայտնաբերվել է տղամարդու դի. ժամանել են մարզի ոստիկանապետը, քննչականի պետն ու ՃՈ վաշտի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։45-ի սահմաններում Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Հացիկի խճուղի 6/1 հասցեում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը և ոստիկանության Կումայրիի բաժնի պետ Արամ Ղարիբյանը։ 

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ քննչական վարչության պետ Աղաս Իսահակյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոռ Դավթյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները նշված հասցեում՝ Volvo մակնիշի կիսակցորդիչով բեռնատարի մոտ, հայտնաբերել են տղամարդու դի և տեղում պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ՝ 44-ամյա Արմեն Մուրադյանն էր։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս բեռնատարի տակ աշխատանքներ էր կատարում, ինչի ժամանակ անզգուշաբար ինչ-որ իր է ընկել նրա վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Փաստի առթիվ Գ. Դավթյանի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված տարածքը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար, «Լֆիկ Սամո» մականվամբ Սամվել Ալեքսանյանին, իսկ տարածքը «Ալեքս ընդ Հոլդինգ» ՍՊԸ-ի տարածքն է։ 

Դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ, սակայն պարզվել է, որ տեղի ունեցածը ոչ թե ճանապարհատրանսպորտային պատահար է, այլ դժբախտ պատահար։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր