211652_close_icon
views-count83183 դիտում article-date 16:35 17-09-2021

Գործարար, «Լֆիկ Սամո» մականվամբ Սամվել Ալեքսանյանի «Նատալի ֆարմ» ընկերության վարորդ-առաքիչը կասկածվում է Գեղարքունիքի մարզում հետիոտնին մահվան ելքով վրաերթի ենթարկելու մեջ, նա դեպքի վայրից հեռացել էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 16-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության՝ վարչության պետ Արթուր Մկրտչյանի, ոստիկանության Սևանի բաժնի՝ բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչների՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մկրտչյանի կողմից իրականացված հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է սեպտեմբերի14-ին Գեղարքունիքի մարզում 65-ամյա Մանյակ Գալստյանին մահվան ելքով վրաերթի ենթարկած և դեպքի վայրից հեռացած վարորդի ինքնությունը և նրա վարած ավտոմեքենայի մակնիշը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանների ու քննիչների կատարված բացատրական աշխատանքների արդյունքում երեկ՝ սեպտեմբերի 16-ին, ոստիկանության Սևանի բաժին է ներկայացել Երևանի բնակիչ՝ 60-ամյա Քաջիկ Մ-ն, ով խոստովանել է, որ սեպտեմբերի 14-ին, ժամը 19։40-ի սահմաններում իր կողմից վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 64 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս ինքն է վրաերթի ենթարկել Մ. Գալստյանին։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Քննիչի որոշմամբ Քաջիկ Մ-ն ձերբակալվել է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա աշխատում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար, «Լֆիկ Սամո» մականվամբ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ում՝ որպես վարորդ-առաքիչ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 14-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։  

Ժամը 19։40-ի սահմաններում դեռևս չպարզված անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 64 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս վրաերթի  էր ենթարկել հետիոտն՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 65-ամյա Մանյակ Գալստյանին։

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էր «Սևան» բժշկական կենտրոն, իսկ վարորդը, նրան թողնելով անօգնական, դեպքի վայրից հեռացել էր։

Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մկրտչյանի գլխավորությամբ։

Մինչ ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում որոշ հանգամանքներ էին պարզում, հիվանդանոցից ահազանգ էր ստացվել ոստիկանության Սևանի բաժին, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, ժամը 22։40-ի սահմաններում մահացել էր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր