211652_close_icon
views-count11793 դիտում article-date 08:59 30-09-2021

Ռուս-թուրքական հրադադարի վերահսկման կենտրոնը կայունության կարևոր երաշխիք է. Պուտին․ «Ամերիկայի ձայն»

Երեկ, Սոչիում տեղի ունեցան Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների բանակցությունները: Քննարկված բազմաթիվ հարցերի շարքում էին նաև Սիրիայի հյուսիս-արևմուտքում տիրող իրավիճակը, ինչպես նաև Անկարային ռուսական զենք զինամթերքի մատակարարման հնարավոր ընդլայնումը՝ չնայած ԱՄՆ-ի առարկությունների: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Բանակցություններից հետո ո՛չ Պուտինը, ո՛չ էլ Էրդողանը հանդես չեկան մամուլի համար մանրամասն հայտարարություններով հանդիպման մասին, սակայն Պուտինը շնորհակալություն հայտնեց Էրդողանին այցի համար, որը նա որակեց որպես օգտակար և բովանդակալից:

Թուրք պաշտոնյաները հանդիպումից առաջ ասել էին, որ Էրդողանը կպնդի Սիրիայում հրադադարի ռեժիմի վերականգման մասին, որը համաձայնեցվել էր կողմերի միջև անցած տարի՝ փորձելով դադարեցնել Իդլիբում ՌԴ-ի ու Սիրիայի զինվորականների հարձակումները Թուրքիայի աջակցության տակ գտնվող զինյալների դեմ:

«Այն քայլերը, որոնք մենք համատեղ ձեռնարկում ենք Սիրիայի հարցում, մեծ նշանակություն ունեն: Այնտեղ խաղաղությունը կախված է Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններից»,- ասել է Էրդողանը Պուտինին բանակցությունների սկզբում: Պուտինը իր բացման խոսքում միայն կարճ հիշատակեց Սիրիայի մասին ՝ ասելով, որ սա այն ոլորտներից է, որտեղ Անկարան և Մոսկվան բավական հաջող համագործակցում են: Ռուսաստանի առաջնորդը նշել է, որ Թուրքիայի հետ բանակցությունները երբեմն դժվար են եղել, սակայն երկու երկրները սովորել են փոխշահավետ փոխզիջումներ գտնել:

Բանակցությունների օրակարգում էր նաեւ Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների նոր խմբաքանակի հնարավոր ձեռքբերումը, ինչին վճռականորեն դեմ է ԱՄՆ-ը: Ըստ ամենայնի, այս համատեքստում Էրդողանը Պուտինին ասել է, որ մտադիր է ընդլայնել պաշտպանական ոլորտում հետագա համագործակցությունը անկախ ԱՄՆ-ի առարկություններից:

«Մեզ համար շատ կարևոր է շարունակել ամրապնդել կապերը Թուրքիայի և Ռուսաստանի միջև ամեն օր»,- ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան 2019 թվականին ձեռք բերեց ռուսական հակահրթիռային պաշտպանության համակարգեր, որը հանգեցրեց ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների ու նախազգուշացման հետագա գործողությունների վերաբերյալ, եթե Անկարան շարունակի ձեռք բերել ռուսական զենքեր:

Անցյալ շաբաթ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան մտադիր է գնել Ս-400-ների երկրորդ խմբաքանակը:

Նախքան հանդիպումը նշվում էր, որ կողմերը կքննարկեն նաև Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը ԼՂ հակամարտության համատեքստում: Կրեմլը հաղորդում է, որ հանդիպման ընթացքում ՌԴ նախագահը հայտնել է, որ ռուս-թուրքական հրադադարի վերահսկման կենտրոնն ակտիվորեն գործում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանին, և այդ համագործակցությունը հանդիսանում է կայունության և կողմերի դիրքորոշումների համաձայնեցման համար հետագա քայլերի երաշխիք՝ միտված դեպի հաշտեցում:

Նմանատիպ նյութեր