211652_close_icon
views-count2603 դիտում article-date 17:14 04-10-2021

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սերգեյ Լավրովին

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 4-ին հանդիպել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:

Ողջունելով ՀՀ ԱԺ նախագահին` ՌԴ արտաքին գործերի նախարարը բարձր է գնահատել հայ-ռուսական ռազմավարական եւ գործընկերային հարաբերությունները` դրանց վկայությունը համարելով նաեւ այն, որ ՀՀ ԱԺ նախագահն իր առաջին պաշտոնական այցը կատարել է Ռուսաստան:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ալեն Սիմոնյանը շնորհավորանքներ է փոխանցել ռուս ժողովրդին վերջերս կայացած խորհրդարանական ընտրությունների առթիվ: Կողմերը հանգամանորեն քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը` անդրադառնալով տեւական խաղաղության հաստատմանը եւ դրա իրականացումը խոչընդոտող խնդիրների վերացմանը: Այդ համատեքստում մասնավորապես կարեւորվել է հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց վերադարձի հարցը: Անդրադարձ է կատարվել նաեւ հայ-ռուսական համագործակցությանը քաղաքական, տնտեսական, մշակութային, մարդասիրական եւ այլ ոլորտներում:

Զրույցի ընթացքում առանձնակի շեշտադրվել է խորհրդարանների դերի մասին երկկողմ փոխգործակցության զարգացման եւ ամրապնդման գործում: Երկուստեք կարեւորվել է նաեւ արդյունավետ համագործակցությունը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի եւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում` հաշվի առնելով Հայաստանի նախագահության առաջնահերթությունները:

 Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին հայ-ռուսական համագործակցության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:

Նմանատիպ նյութեր