211652_close_icon
views-count1009 դիտում article-date 16:16 14-10-2021

ՀՅԴ Բյուրոյի անդամ Արամ Գալուստյանն ու ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը հանդիպել են կոնգրեսական Դեյվիդ Սիցիլինիին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, հայ համայնքի վաղեմի բարեկամ Դեյվիդ Սիցիլինին (Դեմոկրատական կուսակցություն, Ռոդ Այլենդ նահանգ) 2021 թ. հոկտեմբերի 11-ին ընդունել է ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին և ՀՅԴ Բյուրոյի անդամ Արամ Գալուստյանին (ԱՄՆ)՝ քննարկելու հայ-ամերիկյան քաղաքական հարաբերությունների առաջնահերթությունները։

ՀՅԴ անդամները շնորհակալություն են հայտնել կոնգրեսական Սիցիլինիին՝ իր քաղաքական գործունեության ընթացքում (Ռոդ Այլենդի Ներկայացուցիչների պալատի անդամ, նահանգի մայրաքաղաք Փրովիդենսի քաղաքապետ և վերջերս՝ ԱՄՆ Կոնգրեսի անդամ) Հայաստանին, Արցախին և Հայ դատի աշխատանքներին ցուցաբերած աջակցության համար։

Արթուր Խաչատրյանը կոնգրեսական Սիցիլինիին է ներկայացրել 2020 թվականի աշնանն Ադրբեջանի սանձազերծած պատերազմի, պատերազմական հանցագործությունների, էթնիկ զտումների հետևանքով Արցախում և Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի միջև սահմանին ստեղծված իրավիճակը։ Հայաստանի խորհրդարանի անդամն ընդգծել է, որ հնարավոր չէ Հայսստանի ու Ադրբեջանի միջև հասնել արդար և կայուն խաղաղության, առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման: «Խաղաղություն կհաստատվի միայն եթե նախ արդարությունը հաղթանակի։ Ադրբեջանական պատերազմական հանցագործություններն ապացուցում են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի մաս»,- նշել է նա։

Խոսելով սահմանին տիրող իրավիճակի մասին՝ Արթուր Խաչատրյանը տեղեկացրել է, որ ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք և պարբերաբար սադրանքներ են իրականացնում սահմանի երկայնքով։ «Հայ զինվորականները հարձակման են ենթարկվում և զոհվում Հայաստանի մայրաքաղաք Երևանից ընդամենը 60 կմ հեռավորության վրա»,- ասել է Արթուր Խաչատրյանը:

ՀՅԴ Բյուրոյի անդամ Արամ Գալուստյանը նշել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը շարունակում ավելի քան մեկ դար առաջ սկսած Հայոց ցեղասպանությունը։ «Հայաստանը թուրքերի համար մի սեպ է՝ խրված Թուրքիայի և թյուրքական աշխարհի միջև։ Այս պատճառով է, որ նրանք ձգտում են ոչնչացնել հայ ժողովրդին ու հայոց պետականությունը։ Եթե նրանք չկանգնեցվեն, հայերի գույությունն իրենց պատմական հայրենիքում վտանգված կլինի»,- ասել է նա։

Առանձին անդրադարձ է եղել նաև հայ ռազմագերիների խնդրին։ ՀՅԴ Բյուրոյի անդամ Գալուստյանը փոխանցել է, որ ավելի քան 200 հայ զինվորական և քաղաքացիական անձինք են պահվում ադրբեջանական գերության մեջ։ Նրանք կտտանքների են ենթարկվում, արձանագրվել են նաև արտադատական մահապատիժների դեպքեր։ «Չնայած նոյեմբերի 9-ի հայտարարությանը, որը պահանջում էր ռազմագերիների փոխանակում «Բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով, անտեսելով ամերիկյան և միջազգային կոչերն անհապաղ և առանց նախապայմանների վերադարձնել ռազմագերիներին՝ Ադրբեջանը շարունակում է նրանց որպես պատանդ պահել՝ Հայաստանից հավելյալ զիջումներ կորզելու նպատակով»,- ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամը։ Նա նաև մտահոգություն է հայտնել ամերիկյան կառավարության կողմից 907 բանաձևի կասեցման վերաբերյալ, ինչը հնարավորություն է տալիս Ադրբեջանին բազմամիլիոն դոլարների ռազմական աջակցություն տրամադրել։ «Ինչպես համոզվել ենք, Ադրբեջանն իրեն հասանելի ամբողջ ռեսուրսներն ուղղում է Հայաստանի դեմ, հայերին սպանելու համար»,- եզրափակել է Արամ Գալուստյանը։

Կոնգրեսական Սիցիլինին շնորհակալություն է հայտնել ՀՅԴ անդամներին այս խնդիրներն իրեն ներկայացնելու համար և հավաստիացրել, որ շարունակելու է իր ամբողջական զորակցությունն ու աջակցությունը Հայաստանին և Արցախին։

Նմանատիպ նյութեր