211652_close_icon
views-count976 դիտում article-date 12:53 14-10-2021

Standard & Poors-ի վարկանշման արդյունքում Հայաստանի ընկերությունները դրսից ավելի էժան վարկեր կստանան. Փաշինյան

Երեկ հայտնի դարձավ, որ Standard & Poors վարկանշային գործակալությունը առաջին անգամ վարկանիշ է շնորհել Հայաստանին եւ երեկվանից քննարկվում է այդ լուրը լայնորեն: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խնդրելով Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին բացատրել, թե դա ինչ է նշանակում:

Նախարարը նշեց, որ Standard & Poors վարկանշային կազմակերպությունն առաջին անգամ վարկանշել է Հայաստանի կառավարությանը և շնորհել է արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման «B+» սուվերեն վարկանիշ՝ «դրական» հեռանկարով:

«Առաջին տարին է նաեւ, որ միաժամանակ Հայաստանին վերաբերող զեկույցներ են հրապարակել վարկանշավորման ոլորտում աշխարհի առաջատար եռյակը՝ «Moody's»-ը, Fitch-տը եւ Standard & Poors-ը: Standard & Poors-ի առաձնահատկությունն այն է, որ սուվերենից բացի, այն սահմանել է նաեւ փոխանցմաբն եւ փոխարկելիության գնահատական, ինչը կարեւոր է մասնավոր հատվածի համար: Այն սահմանվել է  «BB-», ինչը նշանակում է, որ Հայաստանի մասնավոր հատվածի ընկերությունները Standard & Poors-ի կողմից վարկանշվելու դեպքում կարող են ստանալ Հայաստանի սուվերեն վարկանիշից մեկ մակարդակ բարձր վարկանիշ: Standard & Poors-ի կողմից տրված գնահատականը նշանակում է, որ Հայաստանում տնտեսության վիճակի բարելավմանն ուղղված գործոնները գերակշռող են եւ առաջիկա 12 ամիսների ընթացքում կարող են բերել ՀՀ սուվերեն վարկանիշի բարձրացման:

Standard & Poors-ը նշում է, որ եթե հետագա 2-3 տարիների ընթացքում Հայաստանում տնտեսական աճի իրենց սպասումներն արդարացվեն, արտաքին խոցելիությունը նվազի և պետբյուջեի կատարողականը լինի իրենց սպասածից ավելի դրական, դա կբերի երկրի սուվերեն վարկանիշի հետագա բարելավման:

Հայաստանի սուվերեն «B+» վարկանիշը հիմնված է Standard & Poors-ի փորձագետների այն  գնահատականների վրա, որ, չնայած արտաքին էական ճնշումներին, Հայաստանը հաղթահարել է համավարակի և ռազմական կոնֆլիկտի հետևանքները՝ առանց վտանգելու երկրի տնտեսական կայունությունը:

Standard & Poors-ն ակնկալում է, որ Կառավարության 5-ամյա ծրագրի իրագործումը կհանգեցնի ավելի արագ տնտեսական աճի:

Standard & Poors-ի հետ Հայաստանի համագործակցությունը կնպաստի Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանը և կարագացնի այդ ոլորտում բարեփոխումների ընթացքը՝ հաշվի առնելով, որ սուվերեն վարկանիշը ձեռք է բերվել նաև մասնավոր հատվածի ընկերությունների համար վարկանիշ ստանալու հնարավորություն ապահովելու և դրա ներքո տեղական և միջազգային կապիտալի շուկաներ դուրս գալու նպատակով»,-ասաց նախարարը:

Իր hերթին վարչապետը նշեց, որ այս վարկանշման արդյունքում Հայաստանի ընկերությունները դրսից ավելի էժան վարկեր կստանան:

Նմանատիպ նյութեր