211652_close_icon
views-count31297 դիտում article-date 10:45 15-10-2021

Մեծ սպորտի ապագա աստղերը. Գագիկ Խաչիկյան. mediamax.am

Մարմնամարզության հայկական դպրոցը միշտ էլ բարձր արդյունքներ է գրանցել: Հատկապես վերջին տարիներին մեր մարզիչներին հաջողվում է լավ սաներ պատրաստել ու մեդալներ նվաճել տարբեր մրցաշարերում:

Mediamax Sport-ի «Մեծ սպորտի ապագա աստղերը» շարքում անդրադառնում ենք նրանցից մեկին՝ Գագիկ Խաչիկյանին, որն այս տարի առաջին անգամ հանդես եկավ մեծահասակների Եվրոպայի առաջնությունում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարզաձեւը՝ մարմնամարզություն

Տարիքը՝ 19 տարեկան

Սովորում է՝ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում

Անձնական մարզիչ՝ Աշոտ Գասպարյան

Մարզումներից հետո՝ սիրում է ժամանակ անցկացնել ընկերների հետ

Նվաճումները՝ երիտասարդների ԵԱ-ի բրոնզե մեդալակիր, ԱԱ-ի 4-րդ տեղ, մեծահասակների ԵԱ-ում գրավել է 4-րդ տեղը

Նպատակը՝ դառնալ Օլիմպիական չեմպիոն

Լուսանկարը` Մեդիամաքս


Դեպի մարմնամարզություն. 5 տարեկան էի, երբ ծնողներս տարան մարմնամարզության: Շատ ակտիվ երեխա էի, ծնողներս պատմում են, որ տանն անընդհատ թռվռում էի, վազվզում ու տարբեր վարժություններ անում: Հիշում եմ առաջին օրը, երբ մտա դահլիճ: Մարզիչս՝ Աշոտ Գասպարյանը, ասաց, որ տարբեր վարժություններ կատարեմ: Զարմացել էր, որ միանգամից կարողացա իր հանձնարարություններն անել: Այդ օրվանից մինչ այսօր աշխատում եմ նրա հետ:

Սկզբից սիրողական մակարդակով էի պարապում, չնայած միշտ էլ պարտաճանաչ էի մոտենում բոլոր մարզումներին: Տարիների ընթացքում հասկացա, որ սիրում եմ մարմնամարզությունն ու ցանկանում եմ պրոֆեսիոնալ դառնալ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հաղթանակ հիասթափության նկատմամբ. Մարմնամարզությունում ինձ ամեն ինչ է դուր գալիս: Իհարկե, եղել է հիասթափություն, բայց հաղթահարել եմ: Կարծում եմ, որ բոլոր մարզիկների մոտ էլ նման պահեր լինում են, ու այդ ընթացքն ինձ մոտ տեղի ունեցավ 13-14 տարեկանում:

Այդ ժամանակ ես ոչ մեկի հետ չեմ կիսվել, պարզապես գալիս էի դահլիճ ու կամային մեծ ջանքերի շնորհիվ կրկին մարզվում: Գտնում էի, որ դա է հաղթահարելու ճիշտ ձեւը: Հասկանում էի, որ իրավունք չունեմ ջուրը գցել մինչ այդ կատարած հսկայական աշխատանքը: Եթե այդ ընթացքը ճիշտ ես դրսեւորում քեզ ու անցնում դրա միջով, ուրեմն վստահ կարող ես առաջ անցնել:

Լարվածությունն ու առաջին միջազգային փորձը. Մեկ տարի մարզվելուց հետո մասնակցեցի առաջին մրցաշարիս ու  գրավեցի 5-րդ տեղը: Զգացողություններս չեմ հիշում, բայց ենթադրում եմ, որ հուզված կլինեի:

Լուսանկարը` Մեդիամաքս


Իսկ ահա առաջին միջազգային պայքարս շատ լավ է տպավորվել, ահավոր լարված էի: 2018-ին Գլազգոյում Եվրոպայի առաջնությունում էի հանդես գալիս, հաղթահարեցի որակավորման փուլն ու անցա եզրափակիչ: Ինչպես պատանի տարիքում, այնպես էլ հիմա, ես չեմ սիրում կիսվել զգացողություններով, դրանք իմ մեջ եմ պահում ու այնպես անում, որ չզգացվի: Ինքս ինձ կառավարում եմ ու գնում վարժությունը կատարելու:

Արդեն հասել եմ նրան, որ մրցումից մրցում ավելի հանգիստ եմ դարձել ու կարողանում եմ կառավարել հույզերս, սա փորձի ձեռքբերման շնորհիվ է տեղի ունենում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Սիրելի գործիքը. Այն նժույգթափերն են: Նժույգի վրա հանդես գալը լավ է ստացվում ու կարողանում եմ եզրափակիչ դուրս գալ: Սա մի քիչ ավելի բարդ գործիք է ու մեծ է հավանականությունը, որ վայր կընկնես: Տարիների ընթացքում մարզիչները տեսել են, որ սա իմ ուժեղ կողմն է, աստիճանաբար զարգացել ու կատարելագործվել եմ:

Սա չի նշանակում, որ ես մյուս գործիքների վրա թույլ եմ կամ այդքան էլ լավ չեմ պարապում: Բոլորին էլ հավասար ուշադրություն եմ դարձնում ու ձգտում լավ մասնակցել մրցումներին:

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր