211652_close_icon
views-count1086 դիտում article-date 23:06 15-10-2021

«Արմենիա» փառատոնը մեր նվագախմբերին այլ երկրներից ժամանած դրիժորների և մենակատարների հետ փորձի փոխանակման հնարավորություն է տալիս

Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում երեկ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ և դիրիժոր Իլյա Նորշտեյնի ղեկավարությամբ հանդես եկավ ֆլեյտահար Մաքսիմ Ռուբցովը։

Ծրագիրը հետաքրքիր ու բազմազան էր. հնչեցին Ստեփան Շաքարյանի պիեսները կամերային նվագախմբի համար, Անտոնիո Վիվալդիի Ֆլեյտայի կոնցերտը, Ֆրանսուա Բորնի Ֆանտազիա բրիլլանտեն Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերայի թեմաներով, Սամուել Բարբերի «Adagio»-ն ֆլեյտայի և լարային նվագախմբի համար (փոխադրումը՝ Մարինա Լոգինովայի), Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Բոռի թռիչքը»։

Ունկնդիրը մեծ ոգևորությամբ ընդունեց ֆլեյտահար Մաքսիմ Ռուբցովի անկեղծ կատարումները։ Նրա մեկնաբանումները թեթև ու նրբագեղ էին, խորն ու քնարական։

Վիրտուոզ ֆլեյտահարն իր երաժշտական տաղանդի, կատարողական բարձր վարպետության շնորհիվ գրավեց ներկաների սրտերը։ Մաքսիմ Ռուբցովը Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ է, Ռուսաստանի ազգային նվագախմբի ֆլեյտահարների խմբի կոնցերտմայսերն ու առաջին ֆլեյտահարն է, «RNO Wind» կվինտետի ղեկավարն ու հիմնադիրը։

Ռուբցովը պետական և միջազգային հեղինակավոր մրցանակների դափնեկիր է, մանկավարժ, պրոդյուսեր։ Մաքսիմ Ռուբցովը նշեց, որ Հայաստանում հրաշալի էներգետիկա է, այստեղ կա լրջագույն վերաբերմունք դասական երաժշտության նկատմամբ։

Դիրիժոր Իլյա Նորշտեյնը «Էրմիտաժ» մենակատարների անսամբլի գեղարվեստական ղեկավարն ու Մոսկվայի «Նովայա օպերա» թատրոնի դիրիժորն է, հանդես է գալիս հայտնի բեմերում և հայտնի նվագախմբերի հետ։ Մաեստրո Նորշտեյնը նշում է, որ Հայաստանում իր համար հոգեհարազատ միջավայր է։ Խոսելով նվագախմբերի մասին, ում հետ աշխատում է, Իլյա Նորշտեյնը շեշտեց, որ յուրաքանչյուր նվագախումբ ունի իր ուրույն դեմքը, Հայաստանի պետական կամերային նվագախումբը նույնպես իր ինքնատիպ ու գեղեցիկ հնչողությունն ունի, ինչը կոլեկտիվի ներսում երաժիշտների սերտ փոխգործակցության արդյունք է։

Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրեն Ֆելիքս Բաբուրյանը նշում է, որ այլ երկրներից ժամանած դրիժորների և մենակատարների հետ աշխատանքը փորձի փոխանակման հնարավորություն է երաժիշտների համար, այդպիսով նաև երաժշտության տարբեր մեկնաբանություններ են կարողանում մատուցել ունկնդրին։

                «Արմենիա» միջազգային փառատոնը շարունակում է իր ընթացքը՝ հայ երաժշտասերներին ներկայացնելով աշխարհի լավագույն արտիստներին, մատուցելով գեղեցկագույն երաժշտություն։ Եվ այս հնարավորությունը դասական երաժշտության սիրահարներին պարգևել են Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC, նախագահ Կոնստանտին Իշխանով) և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան)։
 

Նմանատիպ նյութեր