211652_close_icon
views-count35346 դիտում article-date 19:30 08-11-2021

Քեզ բացակա չենք դնի. լեգենդ դարձած կրտսեր սերժանտ Արտաշես Հակոբյանը մինչև վերջ հավատարիմ մնաց իր զինվորական երդմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արտաշես Գեորգիի Հակոբյանը ծնվել է 2000թ․ սեպտեմբերի 12-ին, Երևանում։ 2006թ․ ընդունվել է Մուշեղ Մխոյանի անվան թիվ 68 դպրոց, որն ավարտել է 2015-ին՝ բարձր առաջադիմությամբ։ Այնուհետև ընդունվել է թիվ 2 ավագ դպրոցը, որը ևս 2018-ին բարձր առաջադիմությամբ է ավարտել է։

Նա փայլել է իր ընկերասիրությամբ և յուրահատուկ անհատականությամբ։ Հինգ տարի զբաղվել է ձյուդո մարզաձևով՝ արժանանալով բազմաթիվ մեդալների ու պատվոգրերի։ Դպրոցն ավարտելուն պես ընդունվել է Երևանի Խ․ Աբովյանի անվան պետական մանկավարժական «Շրջակա միջավայրի գիտություններ» ֆակուլտետը, որտեղ նույնպես հասցրել էր սիրվել։

Զորակոչվել է 2019-ին, ծառայել է Ջրականի զորամասում։ 2020 թ․ սեպտեմբերի 27-ից Արտաշես Հակոբյանը 3-րդ հրաձգային գումարտակի կազմում մասնակցել է մարտական գործողություններին Արցախի Հանրապետության հարավային և հարավարևելյան ուղղություններում։ Արտաշեսը զոհվել է Կարմիր շուկա-Շեխեր գյուղերի պաշտպանական բնագծում՝ անօդաչուի հարվածից։ Գումարտակի անձնակազմի հետ միասին նշված բնագծում շուրջ մեկ շաբաթ համառորեն դիմագրավել և կասեցրել է հակառակորդի հետիոտն գրոհները։

Արտաշեսը կրտսեր սերժանտ էր։ Կռվի դաշտում, ելնելով իրավիճակից, տիրապետել էր մի քանի զինատեսակի։ Իր մարտական հմտությունների և ճիշտ հաշվարկների շնորհիվ՝ ընկերների հետ ոչնչացրել է հակառակորդի մեծաքանակ մարդկային ուժ։ Մարտական ծառայության ընթացքում ցուցաբերել է ֆիզիկական լավ պատրաստվածություն և կամային բարձր հատկանիշներ։ Արտաշեսը մարտերի ժամանակ տարբեր բնագծերում ցուցաբերել է հակառակորդին խոցելու աննկուն կամք։

Կրտսեր սերժանտ Ա. Հակոբյանը մինչև վերջ հավատարիմ է մնացել իր զինվորական երդմանը։ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Հերոսի աճյունն ամփոփված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Հավերժ փա՛ռք։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր