211652_close_icon
views-count3552 դիտում article-date 19:56 08-11-2021

Ադրբեջանցիների կրակոցներից վիրավորում ստացած քաղաքացիներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության

Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմի կրակոցների արդյունքում վիրավորված քաղաքացիական անձանցից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծանր, երկուսինը՝ միջին ծանրության: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից:

Նախարարությունից հիշեցրել են, որ նոյեմբերի 8-ին ժամը 15։00-ի սահմաններում Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա:

Արցախի Հանրապետության Հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել հրազենային վիրավորում ստացած 3 քաղաքացիական անձ, որոնց ցուցաբերվում է բժշկական օգնություն:

«Վիրավորվածներից առաջինի մոտ առկա է կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վիրավորում՝ գնդակի առկայությամբ: Պարանոցի շրջանում, բազուկոսկրի հրազենային վիրավորում, վերին մեկ երրորդի բազմաբեկորային կոտրվածք: Երկրորդի մոտ՝ ստորին ծնոտի միջանցիկ հրազենային վիրավորում: Ստորին ծնոտի ձախ անկյան բազմաբեկորային կոտրվածք՝ բեկորների տեղաշարժով, կորճոսկրի կոտրվածք: Փափուկ հյուսվածքների այտուց, էնֆիզեմա:

Երրորդի մոտ՝ կրծքավանդակի ձախ կեսի միջանցիկ հրազենային վիրավորում առանց պլևրալ խոռոչի թափանցման»,-հայտնում են նախարարությունից:

Բժիշկները 2 վիրավորի վիճակը գնահատում են միջին ծանրության:

Այս պահին մեկ վիրավորվածի վիրահատությունը բարեհաջող ավարտվել է, վիճակը գնահատվում է ծանր»,- հայտնում են նախարարությունից:

Ադրբեջանական կրակոցների արդյունքում մահացել է մեկ քաղաքացի:

Նմանատիպ նյութեր