211652_close_icon
views-count1101 դիտում article-date 12:05 10-11-2021

Հայրենիքում արցախահայության անվտանգ և արժանապատիվ ապրելու իրավունքի իրացումը հնարավոր է միայն Արցախի միջազգային ճանաչման պարագայում․ Արցախի ԱԺ խմբակցություններ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարություն են տարածել, որում ասված է․

«2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ընդունումից անցել է մեկ տարի, սակայն ցայսօր  շարունակվում է Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը Արցախի  ժողովրդի նկատմամբ՝ անտեսելով և արհամարհելով  ՌԴ ուժերի խաղաղապահ առաքելությունը:

Խուճապային  մթնոլորտ ստեղծելու և Արցախի Հանրապետությունը  հայաթափելու նպատակով ադրբեջանական կողմը վերջին շրջանում սկսել է թիրախավորել բնակավայրերն ու քաղաքացիական անձանց։

Անպատժելիությունից ոգևորված՝ Ադրբեջանը ս.թ. նոյեմբերի 8-ին զինված ներթափանցում կատարելով, կրկին  ահաբեկչություն իրականացրեց ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո գտնվող Շուշի-Բերձոր ճանապարհահատվածի Շուշիի մոտակայքում ջրամատակարարման  աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց նկատմամբ, ինչի արդյունքում  սպանվել է 22-ամյա երիտասարդ, 3 անձ էլ հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել են:

Նման գործելաոճը վկայում է, որ հայրենիքում արցախահայության անվտանգ և արժանապատիվ ապրելու իրավունքի իրացումը հնարավոր է միայն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման պարագայում։

Խստորեն դատապարտում ենք նման հանցավոր արարքները և պահանջում պատշաճ հետաքննություն և համարժեք քայլերի ձեռնարկում:

Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ դատապարտել Ադրբեջանի նման գործելաոճը, իսկ ՌԴ խաղաղապահ ուժերին, ԱՀ զինված ուժերին և այլ ուժային կառույցներին՝ քաղաքացիական բնակչության նկատմամբ պարբերաբար իրականացվող ահաբեկչական  գործողությունները կանխելու նպատակով դիմել կոշտ միջոցների։

ԱՀ ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն

ԱՀ ԱԺ «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն

ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցություն

ԱՀ ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցություն

ԱՀ ԱԺ «Ազատ հայրենիք - ՔՄԴ» խմբակցություն»։

Նմանատիպ նյութեր