211652_close_icon
views-count1826 դիտում article-date 13:36 11-11-2021

Այսօրվա խնդիրը դիմադրության հզորացումն է, ամենօրյա աշխատանքն ու շարունակական ակցիաները. «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել

Գորիս-Կապան ճանապարհն Ադրբեջանն այլևս ամբողջությամբ վերցրել է իր վերահսկողության տակ: Նման հայտարարությամբ է հանդես եկել «Հայաստան» դաշինքը` անդրադառնալով Գորիս–Կապան ավտոճանապարհին Ադրբեջանի կողմից մաքսակետ դնելու փաստին։

Նշենք, որ նախօրեին հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ կեսգիշերին ադրբեջանական կողմը մաքսակետեր կտեղադրի Գորիս-Կապան ճանապարհահատվածում: Միաժամանակ նա նշել էր, որ հայկական կողմը «պատասխան քայլեր կձեռնարկի և նույնպես մաքսային կետեր կտեղակայի»:

«Կապիտուլյանտը հայտարարում էր՝ այդ ճանապարհով միշտ ազատ տեղաշարժվելու ենք: Հանրությանը խաբում էր հերթական անգամ: Հիմա հայտարարում է այլընտրանքային ճանապարհի մասին: Քանի դեռ այս վարչախումբը իշխանության է, նման խայտառակ զիջումները սպասելի են ամեն օր»,–նշված է հաղորդագրության մեջ։
Սակայն «Հայաստան» դաշինքը հայտնում է, որ չի համակերպվելու այս ամենին` հիշեցնելով, որ համազգային դիմադրություն շարժում են սկսել։ Դաշինքը հայտարարում է` այսօրվա խնդիրը դիմադրության հզորացումն է, ամենօրյա աշխատանքն ու շարունակական ակցիաները:

«Մենք ճնշումների, ուժային կառույցների բռնարարքների դեմ չենք ընկճվելու, գնալու ենք մինչև վերջ: Սյունիքը չի զիջվելու, Արցախը չի հայաթափվելու, Հայաստանը չի թուրքացվելու»,–նշված է հայտարարության մեջ։

Նշենք, որ այս պահին ընդդիմադիրները Գորիս–Կապան մայրուղում ադրբեջանական մաքսակետի դեմ բողոքի ակցիա են անում կառավարության առջև։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր