211652_close_icon
views-count77728 դիտում article-date 09:42 12-11-2021

Ձեզ բացակա չենք դնի. Դանիել Վարուժանի անվան թիվ 89 հիմնական դպրոցում բացվեց 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած դպրոցի սաներ՝ Լյուդվիգի, Արսենի, Միքայելի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 11-ին, Երևանի Դանիել Վարուժանի անվան թիվ 89 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Կյանքս հայրենիքիս, հոգիս՝ Աստծուն, պատիվս՝ ինձ» խորագիրը կրող միջոցառում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դպրոցի բակում բացվեց Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, դպրոցի լեգենդ դարձած սաների՝ Լյուդվիգ Ավդալյանի, Արսեն Ալջիկյանի և Միքայել Հովսեփյանի անվան խաչքար-հուշարձան:

Բացմանը ներկա էին հերոսների հարազատները, բարեկամները, ընկերները, այդ թվում՝ զինակից, դպրոցական, Երկրապահ կամավորականների միության Մալաթիայի ներկայացուցիչներ, զոհված  ու լեգենդ դարձած այլ զինվորների հարազատներ, Պաշտպանության նախարարության  ներկայացուցիչներ:

ՀՀ ՊՆ նվագախմբի կողմից հնչեցված Հայաստանի հիմնի ներքո  զոհվածների հարազատները   իջեցրեցին սպիտակ սավանը, ապա հոգևոր հովվի  Տերունական աղոթքից հետո կատարվեց օծումը:  Ներկաները  ծաղիկներ խոնարհեցին:

Բացմանը ներկա էր նաև  քանդակագործը՝ խաչքարի  երիտասարդ հեղինակը՝ Հովհաննեսը:
 
Դպրոցում նաև տեղի ունեցավ  3 հերոսների անվամբ դասարանի անվանակոչում, ապա  հուշ-երեկոն շարունակվեց դահլիճում:

Դպրոցի  9-րդ դասարանի սաները իրենց գեղեցիկ ու հուզիչ կատարումներով  գերեցին ներկաներին, անգամ հուզմունքը հպարտության էր վերածվում, քանի որ այդ ներկայացման մեջ կար  հայրենիքը սիրելու մի մեծ  կամք, այդ ներկայացման մեջ կար պայքար, որ պետք է չընկճվել, որ պետք է մեկ բռունցք դարձած պայքարել հայի տեսակի, հայ մնալու համար:

Ներկաները նշում էին. «Մենք Լյուդվիգին, Արսենին, Միքայելին երբեք բացակա չենք դնի: Նրանք առաջնորդվեցին՝ կյանքս հայենիքիս, հոգիս՝ Աստծուն, պատիվս՝ ինձ սկզբունքով»:

Արսեն Լևոնի Ալջիկյանը ծնվել է 2001թ. դեկտեմբերի 16-ին: Զորակոչվել է 19.12. 2019թ,  ծառայել է Հադրութում։ Եղել է հակատանկային 3-րդ գումարտակ 7-րդ ֆագոտ, զենքին է տիրապետել պաշպանական վաշտում։

Սեպտեմբերի 25-ից եղել է Հադրութի պաշպանական դիրքում։ Տան միակ տղան պատերազմի ժամանակ 2 անգամ շրջափակման մեջ ընկնելով, մի կերպ դուրս են եկել։ Ոչնչացրել է 6 տանկ մեկը՝ Հադրութում, 5-ը՝ Մարտունու Ճարտար գյուղում:

Ընկերոջ մահը լսելով, ոչնչացրել է մեծ թվով թշնամի( դիվերսյա)։ Պարգևատրվել է մարտական ծառայություն և արիության մեդալներով՝ հետմահու։ Իսկ ծառայության ընթացքում քաջարի մարտիկ, լավագույն զինվոր՝ հայոց բանակի գերազանցիկ նշաններով։

Զոհվել է նոյեմբերի 3-ին՝  ճարտարի դիրքում։

**********

Լյուդվիգ Արսենի Ավդալյանը  ծնվել է 2001թ. մարտի 3-ին։ 2019թ հուլիսի 20-ին զորակոչվել է ՊԲ 59703 զորամասի 2 ՀԳՄ 4 ՀՎ 2 ՀԴ 2 ՋՀ ՊԿ՝ որպես գնդացրորդ, սերժանտ։

Սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 21-ը ակտիվ մասնակցել է մարտական գործողություններին: 2020թ. սեպտեմբերի 27-ին սերժանտ Լ. Ավդալյանը գտնվել է N121 մարտական դիրքում և իրեն ամրակցված զենքով հետ է շպրտել հակառակորդի առաջ մղվող զորքը: Որոշ ժամանակ անց, սակայն, նա և իր դիրքի անձնակազմը հայտնվել են շրջափակման մեջ: Նույն օրը երեկոյան, ճեղքելով հակառակորդի շրջափակումը, կարողացել է դուրս գալ և տեղափոխվել առավել նպաստավոր բնագիծ: Սեպտեմբերի 28-ին սերժանտ Ավդալյանի ոտքերի մոտ 3 նռնակ է պայթել, որի արդյունքում ստացել է բեկորային վիրավորում և նրան տեղափոխել են «Նարինջ» կոչվող հրամանատարական կետ, որտեղ ստացել է առաջին բուժօգնություն:

Հոկտեմբերի 3-ին՝ նույն հենակետում, նորից հայտնվել են շրջափակման մեջ, որից կարողացել է դուրս գալ, փրկել զինակից ընկերների կյանքը: Ազգի նվիրյալը սուր հոտառությամբ ու հնարամտությամբ խոցելով ջախջախել է թշնամու տանկը։

Սերժանտ Լ. Ավդալյանը առանց խնայելու որևէ մեկին, ոչնչացրել է մի ամբողջ վաշտ: Նռնակի պայթյունից վիրավորվելով, առանց լիարժեք ապաքինման, շտապել է դիրքեր՝ իր զինակիցների կողքին լինելու, հայրենի հողը պահպանելու և պաշտպանելու համար:

Պատերազմի մասնակից, գեներալ-մայոր Ավետիսյանի վկայությամբ սերժանտ Ավդալյանը բեկորի ցավը մարմնում անգամ՝ վերադասի հրամանները կատարել է անվերապահորեն:
Ուշադրություն ու հոգատարություն է ցուցաբերել վիրավոր ընկերների նկատմամբ:

2020թ. հոկտեմբերի 21-ին, մարտական գործողությունների թեժ պահին, գտնվելով վիրավոր վիճակում, օգնություն է ցուցաբերել իր դասակի հրամանատար վիրավորում ստացած Սարգիս Մանուկյանին: Հոկտեմբերի 21-ին Վարանդայի Կարախանբեյլի շրջանում հակառակորդի նենգ սադրանքի հետևանքով հայրենիքի նվիրյալը բռնեց հավերժի ճամփան:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N 59703 զորամասի զինծառայող,սերժանտ Լյուդվիգ Արսենի Ավդալյանը հետմահու պարգևատրվել է
«Արիության համար» մեդալով:


Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 545+
545+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր