211652_close_icon
views-count845 դիտում article-date 18:06 12-11-2021

Հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները ապացուցող զեկույց է հրապարակվել

2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի և նրա ժողովրդի հանդեպ սանձազերծած ագրեսիան, որն ուղեկցվել է պատերազմական հանցագործություններով, քաղաքացիական բնակչության դիտավորյալ թիրախավորմամբ, գերիների հանդեպ կտտանքներով և արտադատական սպանություններով, ևս մեկ վկայություն են Արցախն իր բնիկ ժողովրդից «մաքրելու» Ադրբեջանի պետական քաղաքականության: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի անվտանգային ֆորումի ընթացքում ասել է ՄԱՀՀԻ նախագահ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ ներկայացնելով 44-օրյա պատերազմին վերաբերող իր հերթական զեկույցը, որը կենտրոնանում է Ադրբեջանի Հանրապետության կողմից պատերազմի ընթացքում Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և հայ ժողովրդի նկատմամբ իրականացված պատերազմական և մարդկության դեմ հանցագործությունների վրա:


«Այսօր ձեզ ենք ներկայացնում բավական ծանր զեկույց՝ նկատի ունենալով փաստերի դաժանությունը, որոնք կգտնեք այս զեկույցում: Ինչպես գիտեք՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի բացահայտ ու գործուն աջակցությամբ, վարձկան ահաբեկիչների զանգվածային ներգրավմամբ լայնածավալ ագրեսիա սանձազերծեց Արցախի Հանրապետության և հայ ժողովրդի դեմ: Ադրբեջանական ագրեսիան տեղի ունեցավ աշխարհի համար բարդ ժամանակ՝ COVID-19-ի պայմաններում, այն պարագայում, երբ 2020 թ. մարտի 23-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը աշխարհի բոլոր հատվածներում հրադադարի կոչ էր արել՝ նշելով, որ պետք է դադարեցնել զինված հակամարտությունները և կենտրոնանալ մարդկանց կյանքերի համար մղվող իրական պատերազմի վրա», – նշել է Ստյոպա Սաֆարյանը:

Ներկայացված զեկույցը 2020 թ. Արցախյան 44-օրյա պատերազմի վերաբերյալ երրորդ զեկույցն էր, որը պատրաստել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը: Զեկույցում մանրամասնորեն՝ հստակ փաստերով, հղումներով, ապացույցներով ներկայացվել են Ադրբեջանի Հանրապետության կողմից Ժնևի կոնվենցիաների և միջազգային այլ փաստաթղթերի կոպտագույն խախտումները, իրականացված պատերազմական հանցագործությունները, մասնավորապես՝ քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքների, լրագրողների թիրախավորումը, միջազգային իրավունքով արգելված զինատեսակների համատարած կիրառումը, ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց նկատմամբ հանցագործությունները, հայկական պատմամշակութային հուշարձանների թիրախավորումը և ոչնչացումը, Թուրքիայի դերակատարումը պատերազմում և վարձկան ահաբեկիչների զանգվածային հավաքագրումը, ֆինանսավորումը և մասնակցությունը:

ՄԱՀՀԻ-ն սեպտեմբերի 27-ին հրապարակել էր «2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքները» վերտառությամբ զեկույցը՝ պատերազմի սկսվելու տարելիցի կապակցությամբ, և նոյեմբերի 9-ին՝ պատերազմի պատճառների վերլուծությանը նվիրված «Ճանապարհ դեպի 44-օրյա պատերազմ» խորագրով զեկույցը՝ զինադադարի հաստատման մեկ տարվա լրանալու կապակցությամբ: Առաջիկայում ինստիտուտը կհրապարակի Արցախյան երկրորդ պատերազմին վերաբերող ևս մեկ զեկույց:

Նմանատիպ նյութեր