211652_close_icon
views-count62107 դիտում article-date 13:46 15-11-2021

Ձեզ բացակա չենք դնի. երիտասարդ հանդիսավարներն ու վարժարանի սաները Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում հուզմունքով ու հպարտությամբ էին ընթերցում Ջրականի մարտերում կռված, լեգենդ դարձած հերոսների անունները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 14-ին,  Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում էին հավաքվել Արցախյան  44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած  մեծ թվով զինվորների  ծնողներ, հարազատներ, ընկերներ:

Միջոցառումը վարում էին երիտասարդ հանդիսավարներ Վահե Սարդարյանն ու Լիլիա Թադևոսյանը: Այն նվիրված էր 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի թեժ մարտերին մասնակցած ու նահատակված  հերոսների հիշատակին:

Հանդիսավարներ Վահեն ու Լիլիան և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի վարժարանի սաները  հուզմունքով էին ընթերցում  լեգենդ դարձած հերոսների անուններն ու նրանց նվիրված ստեղծագործությունները:

Կենդանի կատարմամբ հանդես եկավ սիրված ու ճանաչված երգիչ Դավիթ Ամալյանը: Հուզիչ էր նաև 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած  Էդմոնդ Հովակիմյանի կատարումները:

Իրենց հայրենասիրական երգերով հանդես եկան Դավիթ Աղասին, Ազնիվ Հակոբյանը, Վանիկ Խաչատրյանը: Վերջինս նաև դուետով հանդես եկավ փոքրիկ հրեշտակ Մարի Հակոբյանի հետ:

Միջոցառման ընթացքում մեծ թվով հերոսածին մայրեր և 44-օրյա պատերազմում կռված տղաներ պարգևատրվեցին շնորհակալագրերով:

Հերոսների մեծարման երեկոյից հետո ներկաները  մեկնեցին Եռաբլուր զինվորական պանթեոն՝  դահլիճում իրենց հանձնված ծաղիկները հերոսների շիրիմներին խոնարհելու և նրանց հարգանքի տուրք մատուցելու համար:

Միջոցառման ընթացքում հանդիսավարներն ընթերցում էին Հասմիկ Մարգարյանի ստեղծագործությունները՝ նվիրված հերոսներին։

Ներկայացնում ենք հանդիսավարների  խոսքերից մի փոքրիկ հատված.

Աշուն... Երկու հազար քսան թվական, սեպտեմբերի քսանյոթ։
Այդ օրը երբե՛ք չի մոռացվի,  այդ չարաբաստիկ  օրը դրոշմված է մեր սրտերում։

Քառասունչորս օր... Այդ օրերը եղան մարդկանց կյանքի ամենադժգույն, ամենադաժան, ամենացավոտ, ամենախոցելի օրերը։ Այո՛,  անմոռանալի, որովհետև  չկա մի ընտանիք,  որ հարազատի կորուստ չունենա։ Պատերազմ...  ամենադաժանն աշխարհի երեսին, որ ճանապարհին չի խնայում ո՛չ մեկին։ Մի ամբողջ  սերունդ ընկավ,  զոհվեցին,  նահատակվեցին, որ մե՛նք,  մե՛նք ապրենք,  արարենք։

Խոնարհվում ենք բոլոր տղերքի առաջ, ովքեր իրենց կյանքը զոհեցին ու Հայրենիք փրկեցին։ Խոնարհվում ենք որդեկորույս  մայրերի առաջ, ովքեր իրենց  որդիներին ճանապարհեցին սահման՝  քաջ գիտակցելով, որ  կյանքի  ու մահվան  կռիվ  էր։ Կյանք ապրողաց կյանքի համարֈ Խոնարհվում ենք։

-Եթե հավաքվեինք մինչ պատերազմը, կիմանայի ինչպես ողջունել ձեզ, բայց այսօր անգամ չգիտեմ ինչ ասել: Հավաքվել ենք... Հավաքվել ենք լուսաբանելու և բարձրաձայնելու մեր քաջ տղաներին։ Կխոսենք և կլուսաբանենք  9-րդ պաշտպանական շրջանի 3-րդ հրաձգային գումարտակի երկնային արքաներին։

Եկեք 1 րոպե լռությամբ  ոտընկայս հարգենք Արցախյան 1-ին,  Ապրիլյան քառօրյա և Արցախյան 2-րդ պատերազմներում  իրենց կյանքը նվիրաբերած մեր քաջորդիների հիշատակը։

Հրամանատարներ  ովքեր զոհվել են իրենց զինվորների կողքին, մինչև վերջին շունչը պայքարելով հայրենի հողի համար։ Փոխգնդապետ  Դավիթ Նազարյան, մայոր Ռոբերտ Հասրաթյան, կապիտան  Հարություն Սարոյան, եֆրեյտոր Միասնիկ Սիմոնյան։

Ջրականի թեժ մարտերի են մասնակցել նաև կամավորական տղաները, երբ լսելով պատերազմի բոթը,  շտապել են առաջնագիծ՝ Յուրի Օհանյան, Եղիշե Սիմոնյան, Արայիկ Գասպարյան։ Պայմանագրային զինծառայողներ, ովքեր հրամանատարների հետ պայքարել են յուրաքանչյուր զինվորի կյանքի համար՝ Թադևոսյան Վահան,  Արշակյան Ռուբեն։ Ջրականի 3-րդ գումարտակի ժամկետային զինծառայողներից 33-ը հավերժի գիրկն են գնացել, թողնելով կիսատ և իրենց երազանքները և իրենց նպատակները։

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ԳԵՈՐԳԻ. նա պետք է դառնար Հայաստանի լավագույն խոհարարներից մեկը, եթե չլիներ պատերազմը և չխլեր 19-ամյա խոհարարի կյանքը։

Մամ ջան, չեկա,  տուն  չդարձա
 Կյանքի մահու պայքարից,  
Ինձ ծնեցիր ու կյանք տվեցիր  
Ես էլ կյանքս՝  մայր հողին։

ՀՈՎՍԵՓՅԱՆ ՅՈՒՐԻ. Մեր երկիրը կունենար գերազանց ավտոճանապարհ, եթե չլիներ 2020թ-ի աշունը։

Մամ ջան սրբիր քո աչքերը,
 Խնդրում  եմ,  դու մի լացի՜ր
Քո կողքին  չեմ ես, բայց միշտ քեզ  հետ,
Քո հերոսն եմ  քաջարի։

ԵՂԻԿՅԱՆ ՎԱՀԵ. երկիրը կորցրեց ժպտերես պատանի,  ընկերները՝  հավատարիմին,  իսկ Սլավոնական համալսարանն՝  լավագույն ուսանողի։

Ախ, ժպտուն են քո աչքերը,  
Անհատակ են կարոտները,
 Խինդ ու ծիծաղ հավերժացավ,  
Քո ծիծաղն էլ մեզ հյուր դարձավ։

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐԱՄ.  Նպատակ ուներ դառնալ ծրագրավորման ոլորտում լավագույն մասնագետը:

Մամ ջան, չեկա, տուն չդարձա,
Քո կարոտը իմ սրտում։
Հանուն վաղվա խաղաղ օրվա
Կյանքս տվի ապրողաց։

Մանրամասները՝ տեսանյութում:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 337+
337+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր