211652_close_icon
views-count92234 դիտում article-date 09:42 03-12-2021

Խոշոր հրդեհ Կոտայքի մարզում, բնակարանի հյուրասենյակում բերանքսիվայր հայտնաբերվել է կնոջ կիսամոխրացած դի. ժամանել են մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել  Կոտայքի մարզում: Ժամը 05:35-ի սահմաններում  Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,  որ  Չարենցավան քաղաքի 2-րդ թաղամասի 10-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը բնակարանից իրեր է նետում և ներսում  լսվում է երեխայի լացի ձայն ու նկատվում է ծուխ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է  ԱԻՆ ՓԾ Չարենցավանի թիվ 47 և 44 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

Հրշեջները  մարել են նշված շենքի  4-րդ հարկի բնակարանում առաջացած հրդհեը, որից հետո հյուրասենյակում՝ հատակին բերանքսիվայր հայտնաբերել են կնոջ դի:

Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը:

Դեպքի վայր է  ժամանել նաև ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ Արտակ Ասատրյանը:

Ահազանգով ժամանել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային  վարչության պետը և նույն վարչության Չարենցավանի քննչական բաժնի պոտ Կարեն Գրիգոյանը:

 Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը, ով կիսաայրված վիճակում է, նույն բնակարանի բնակիչ, 89-ամյա Ռոզա Գ.-ն էր:

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Կ. Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում և  նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Հրշեջների  գալուց իմացանք, որ նման դեպք է տեղի ունեցել, որ մի հոգի մահացել է, իսկ  2 հոգու էլ տեղափոխել են Չարենցավանի հիվանդանոց: Էդ ընտանիքում գրեթե բոլորը ունեցել են հոգեկան խնդիրներ: Մի օր սա պետք է լիներ: Ցավոք, ողբերգություն է տեղի ունեցել:

Լավ էր, թե՛ հրշեջները, թե՛ Չարենցավանի հիվանդանոցի բժիշկները,  թե՛ «Գազպրոմ Արմենիա»-ի Կոտայքի  մարզի Չարենցավանի գազի վթարային  բաժնի աշխատակիցները շուտ եկան»:

****
16:30
Քիչ առաջ, ինչպես տեղեկացանք Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան  Թադևոսյանից, փաստի առթիվ Չարենցավանի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն)  հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում էլ որպես կասկածյալ մահացածի ազգականը ձերբակալվել է:

Դատաբժիշկը հայտնել է, որ մահացածի մարմնի վրա առկա են բռնության հետքեր:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 92+
92+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր