211652_close_icon
views-count2545 դիտում article-date 12:05 25-12-2021

Սևանի Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի ծանրամարտի մարզադահլիճն անվանակոչվել է ՀՀ վաստակավոր մարզիչ Յուրիկ Սարգսյանի անունով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սևանի Ն. Դագարյանի անվան մարզադպրոցում վերջին տարիներին ձևավորված լավագույն ավանդույթների շնորհիվ մարզադպրոցում տարեմուտը նշում են հետաքրքիր և ինքնատիպ միջոցառումներով:

Այս տարի էլ ավանդույթը չխախտվեց. մարզադպրոցի ծանրամարտի մարզադահլիճի անվանակոչությամբ ամփոփվեց հերթական տարին:

Օրվա «հերոսը» մարզադպրոցում շուրջ 30 տարի աշխատած, ՀՀ վաստակավոր մարզիչ Յուրիկ Սարգսյանն էր, որն իր մարզչական աշխատանքով, մասնագիտական և մանկավարժական որակներով տասնամյակներ շարունակ նպաստել է ծանրամարտ մարզաձևի զարգացմանը` ճանապարհ հարթելով բազմաթիվ պատանիների համար, գրանցելով ակնառու հաջողություններ ու հաղթանակներ:

Այժմ Յու․ Սարգսյանն անցել է վաստակած հանգստի, սակայն հարազատ օջախի հետ շփումները չեն դադարել, ավելին` նա եղել ու մնում է լավագույն խորհրդատու և ավագ ընկեր:

Գնահատելով նրա վաստակը համայնքի մարզական կյանքում` Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի տնօրինությունը հանդես է եկել նախաձեռնությամբ, որի արդյունքում մարզադպրոցի ծանրամարտի մարզադահլիճն անվանակոչվել է ծանրամարտի ՀՀ վաստակավոր մարզիչ Յու․ Սարգսյանի անունով:

Ծանրամարտի մարզադահլիճի անվանակոչության հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Սևան համայնքի ղեկավար Ս․ Մուրադյանը, համայնքի ավագանու անդամներ, համայնքապետարանի ներկայացուցիչներ, հրավիրյալներ, մարզադպրոցի աշխատակիցները, մարզիչ Յու․ Սարգսյանի սաները:

Յու․ Սարգսյանը եկել էր մասնակցելու անվանակոչության արարողակարգին կնոջ և հարազատների հետ:

Միմյանց էին հաջորդում շնորհավորանքներն ու շնորհակալական խոսքերը:

Սևան համայնքի ղեկավար Ս․ Մուրադյանը բարձր գնահատեց մարզիչ Յու․ Սարգսյանի վաստակն ու մարզչական գործունեությունը, կարևորեց այն աշխատանքը, որ վաստակավոր մարզչի շնորհիվ եղել է արդյունավետ ու նպատակասլաց:

Այսօր էլ մարզչի սաներն են շարունակում նրա գործը և ծանրամարտ մարզաձևը կրկին պահում բարձրության վրա:

Ծանրամարտի մարզադահլիճի կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց Սևան համայնքի ղեկավար Ս․ Մուրադյանին և վաստակավոր մարզիչ Յուրիկ Սարգսյանին, որին հետևեց պատվոգրի, հավաստագրի ու հուշանվերների հանձնումը` պատրաստված համայնքի ղեկավար Ս․Մուրադյանի և մարզադպրոցի տնօրեն Գարիկ Ավետիսյանի կողմից:

Տեղեկացնենք, որ նախօրեին էլ ծանրամարտիկ Օգսեն Միրզոյանը մարզադպրոցին նվիրել էր պրոֆեսիոնալ ծանրաձող` կշռաքարերով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր