211652_close_icon
views-count1614 դիտում article-date 20:58 10-01-2022

Որեւէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում բացարձակապես անընդունելի է. Արցախի ԱԳՆ

Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը միտված է Արցախի Հանրապետության հասարակության ահաբեկմանն ու ռուս խաղաղապահ առաքելության գործունեության խափանմանը: Այս մասին ասված է Արցախի Հանրապետության արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում, որով դատապարվել է ադրբեջանական զինուժի կողմից այսօր Կարմիր շուկա-Թաղավարդ և Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքների ուղղությամբ հրադադարի խախտման դեպքերը:

«Այսօր՝ հունվարի 10-ին ադրբեջանական կողմը կրկին կոպտորեն խախտել է զինադադարի ռեժիմը՝ թիրախավորելով Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ և Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքների քաղաքացիներին և քաղաքացիական օբյեկտները։


Նման գործողություններն Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյաց և նացիստական քաղաքականության դրսևորումներ են, որոնք ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանի իշխանությունների «խաղաղասիրական» հայտարարությունները ոչ մի աղերս չունեն այդ երկրի իրական՝ Արցախի, հայ ժողովրդի և տարածաշրջանի նկատմամբ ահաբեկչական և ծավալապաշտական նպատակների հետ։

Ռազմական գործողությունների դադարեցումից ի վեր Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը ձեռք բերված պայմանավորվածությունների, միջազգային իրավունքի նորմերի և մարդասիրության սկզբունքների կոպիտ խախտում է՝ միտված Արցախի Հանրապետության հասարակության ահաբեկմանը և ռուս խաղաղապահ առաքելության գործունեության խափանմանը։

Հարկ ենք համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ նման քայլերով Ադրբեջանը չի կարող սասանել արցախցու վճռականությունը ապրել և արարել Արցախում, որի համար բացարձակապես անընդունելի է որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում։

Մենք շարունակելու ենք զարգացնել և զորացնել մեր հայրենիքը»,- նշված է հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր