211652_close_icon
views-count1862 դիտում article-date 09:46 24-01-2022

Ազգային ժողովը ՀՀ նախագահի հրաժարականի դիմումը ստացել է

Ազգային ժողովը ՀՀ նախագահի հրաժարականի դիմումը երեկ՝ հունվարի 23-ին, ստացել է։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանից։

Հիշեցնենք՝ երեկ երեկոյան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել։ Նա նշել է, որ շատ երկար է մտածել և մոտ չորս տարի ակտիվ աշխատելուց հետո որոշել է հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից: Ըստ Սարգսյանի` նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա։

Նշենք, որ Արմեն Սարգսյանի հրաժարականը նախագահի պաշտոնից ընդունված է համարվում այն ժամանակից, երբ այն ներկայացվել է Ազգային ժողով:

Հավելենք, որ ՀՀ Սահմանադրության 144-րդ հոդվածի համաձայն, Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում մինչեւ նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը: 

Սա նշանակում է, որ մինչեւ ՀՀ նախագահի արտահերթ ընտրությունը, նախագահի լիազորությունները ժամանակավորապես կկատարի Ալեն Սիմոնյանը։ 

 

Նմանատիպ նյութեր