211652_close_icon
views-count1479 դիտում article-date 12:04 24-01-2022

Ավստրալիայի Երիտասարդական լիբերալ ​​շարժումը վերահաստատել է Հայոց ցեղասպանության ու Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը

Ավստրալիայի Երիտասարդական լիբերալշարժումն ընդունել է 1915 թվականի հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունը, ինչպես նաև Արցախի Հանրապետության բնիկ հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչելու բանաձև։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը:

Երիտասարդական լիբերալ շարժումը Ավստրալիայի լիբերալ կուսակցության երիտասարդական թևն է: Ավստրալիայի լիբերալ կուսակցությունը երկրի խոշոր քաղաքական ուժերից մեկն է և ներկայում դաշնային կառավարությունում է՝ վարչապետ Սքոթ Մորիսոնի գլխավորությամբ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ բանաձևի ընդունումը ցույց է տալիս Ավստրալիայի հասարակությունում 1915 թվականի ցեղասպանությունների ճանաչման աջակցող քննարկումների ընդլայնումը, ինչը հակասում է Մորիսոնի կառավարության քաղաքականությանը, որը շարունակում է խուսափել «ցեղասպանություն» բառն օգտագործելուց:

«Այս բանաձևը ցույց տվեց, որ ապագա առաջնորդները կոչ են անում իրենց ներկա առաջնորդներին միասնական և համերաշխություն հայտնել հայ-ավստրալական, ասորա-ավստրալական և հույն-ավստրալական համայնքներին՝ անդրադառնալով անցյալի և ներկա անարդարություններին, որոնք մնում են անպատիժ»,-նշել է Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը՝ ողջունելով Երիտասարդական լիբերալ շարժման որոշումը։

2020 թվականին երիտասարդ լիբերալները ընդունել էին համանման բանաձև, որը ճանաչել և դատապարտել է 1915 թվականի հայերի, ասորիների, հույների ցեղասպանությունները և Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը։

Նմանատիպ նյութեր