211652_close_icon
views-count17637 դիտում article-date 17:38 24-01-2022

Երևանում բացվել է ամերիկյան «Առյուծների բանակ» մարտարվեստի դպրոցի մասնաճյուղ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ամերիկահայ Վիկ Սարոյանի նախաձեռնությամբ և միջոցներով, Երևանի Ազատամարտիկների 82 հասցեում, հունվարի 23-ին բացվել է «Առյուծների բանակ» մարտարվեստի դպրոցի մասնաճյուղ:

ԱՄՆ-ում դպրոցը գործում է վաղուց: Դպրոցի Երևանի մասնաճյուղի բացմանը ներկա էին Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը, «Armenian Power- MMA» ակումբի հիմնադիր Էրիկ Օհանյանը, «Ողջ մնալու արվեստ» կազմակերպության հիմնադիր Վովա Վարդանովը, «Արմֆայթինգ» ընդհանուր մենամարտերի և գրապլինգի ֆեդերացիայի նախագահ» Հայկ Ղուկասյանը, «Կյոդայկան կարատե-դո մարտարվեստի հայկական ֆեդերացիայի» ներկայացուցիչ Հարություն Ղազարյանը, հանրակրթական դպրոցների և կազմակերպությունների տնօրեններ և այլք:

Երևանյան դպրոցի բացման հարցում Վիկին օգնել են Երևանում բնակվող նրա ազգականը՝ Վահագն Հովակիմյանը: Վերջինիս խոսքով, Երևանում «Առյուծների բանակ» մարտարվեստի դպրոցի մասնաճյուղ բացելու նպատակը ազգային բանակի համար ֆիզիկական բարձր պատրաստվածություն ունեցող պատանիների «բանակ» ձևավորելն է, ինչը կնպաստի բանակի մարտունակության բարձրացմանը: Պատանիների վրա ուշադրություն սևեռելը չի նշանակում, թե տարիքային սահմանափակումներ կան:

«Առյուծների բանակ» մարտարվեստի դպրոց կարող են ընդունվել յոթ տարեկանից սկսած բոլոր ցանկացողները: Դպրոցի սաները տարեկան երկու անգամ կանցնեն որակավորման բարձրացման դասընթաց, որն իր մեջ ներառում է՝ ֆիզիկական պատրաստվածություն, ձեռնամարտ, սառը զենքով հարձակումից ինքնապաշտպանություն և հարձակում, հոգեբանական պատրաստվածություն, առաջին օգնություն, մարտական կարգապահություն, մարտավարական պատրաստություն, կողմնորոշում տեղանքում, անտառային և դաշտային պայմաններում խոչընդոտների հաղթահարում, ալպինիզմ:

Նախաձեռնության հեղինակները վստահ են, որ դպրոցը կօգնի «առողջ մարմնում՝ առողջ հոգի» տրամաբանության տարածմանը և արմատավորմանը մեր հասարակությունում և ի վերջո՝ առողջ ու գիտակից հասարակության ձևավորմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր