211652_close_icon
views-count2993 դիտում article-date 10:36 25-01-2022

Հրաժարականի հնարավոր պատճառները. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Արմեն Սարգսյանի հրաժարականը կարող է պայմանավորված լինել տարբեր ոչ քաղաքական հանգամանքներով՝ անձնական, առողջական, ընտանեկան եւ այլն: Լուրջ վերլուծության ժամանակ դրանք կարելի է մի կողմ դնել՝ սուրճի բաժակ չնայելու եւ հնարավոր բամբասանքներին տուրք չտալու համար:

Ի դեպ, իր հրաժարականի տեքստում նախկին նախագահը բողոքում է իր անվան հետ կապված «դավադրության զանազան տեսություններից ու միֆերից»՝ նշելով, որ այդ հարձակումները «դուրս են գալիս նաև բարոյականության սահմաններից՝ վերջնական արդյունքում ուղղակիորեն բացասաբար ազդելով առողջության վրա»: Ճիշտն ասած, այստեղ որեւէ արտառոց բան չեմ տեսնում. ցանկացած մարդ, որը համաձայն է զբաղեցնել բարձր պետական պաշտոն, պետք է պատրաստ լինի նման հարձակումների եւ կարողանա դրանց նայել «կողքից»՝ առանց հույզերի:

Դավադրությունների տեսությունների գիրկը չընկնելու համար, կարծում եմ, կարելի է «արանքից հանել» այն վարկածը, թե իբր Արմեն Սարգսյանը «արեւմտամետ էր», եւ քանի որ ներկայիս կառավարությունը գնալով ավելի ու ավելի «ռուսամետ» է դառնում (ստիպված), դա կարող էր հակասությունների աղբյուր դառնալ: Տեղեկացված մարդիկ գիտեն՝ նա ռուսաստանյան «գազանավթային» վերնախավի հետ ուներ շատ լավ հարաբերություններ՝ պայմանավորված իր նախկին բիզնես գործունեությամբ:

Այսպիսով, շրջանցելով բոլոր անձնական եւ դավադրապաշտական հատվածները ու կենտրոնանալով զուտ քաղաքականության վրա, կարող ենք առանձնացնել երկու հնարավոր բացատրություն՝ ներքին եւ արտաքին: Առաջինն այն է, որ սահմանադրական փոփոխությունները, որոնք նախատեսել է անցկացնել այս իշխանությունը, իրականում կոչված են վերադարձնել նախագահական կամ կիսանախագահական համակարգը, որպեսզի որոշ ժամանակ անց Փաշինյանը 5-10 տարով դառնա նախագահ՝ թագավորական լիազորություններով: Իմ, սովորական քաղաքացու տեսանկյունից, դա ինչ-որ «շրջադարձային» քայլ չէ՝ վարչապետի լիազորությունները հիմա էլ են «դե-ֆակտո» թագավորական, եւ ամենեւին էլ կարեւոր չէ, թե ինչ է գրված կամ ինչ է գրվելու թղթի վրա: Բայց Արմեն Սարգսյանին այդ գործընթացը կարող էր դուր չգալ եւ դառնալ Փաշինյանի հետ հակասությունների աղբյուր:

Երկրորդ պատճառը արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի սպասվող քայլերն են. «Նախագահը չի կարող ազդել պատերազմին և խաղաղությանը վերաբերող հարցերի վրա»,- ասված է Արմեն Սարգսյանի «հրաժեշտի ուղերձում»: Իրականում շատ հնարավոր եմ համարում, որ այս իշխանությունը համաձայնի Թուրքիայի պահանջին՝ «ցեղասպանության մասին պնդումներից» (թուրքական ձեւակերպմամբ) հրաժարվելու առումով, ինչպես նաեւ Ադրբեջանի հետ հարաբերություններում կատարի հակառակորդի կողմից պարտադրված բոլոր քայլերը: Նախկին նախագահը, ենթադրաբար, չէր ցանկանա դառնալ այդ ամենի մասը:

Մեր պաշտոնյաները սիրում են խոսել ոչ ուղիղ, ակնարկներով: Արմեն Սարգսյանը բացառություն չէ. նրա հրաժարականի տեքստից դժվար է հասկանալ, թե ինչու է նա իրականում հրաժարական տվել: Բայց այսպես թե այնպես, կարծում եմ, հետագա գործընթացներն այդ հարցի վրա լույս կսփռեն»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր