211652_close_icon
views-count10673 դիտում article-date 10:59 29-01-2022

Բազկամարդը. երեք վերջույթ կորցրած փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը լույս ու հույս է տալիս բոլորին. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. «Նա չհանձնվեց այնտեղ, որտեղ շատերն են զենքերը վայր դնում, նա պայքարեց այնտեղ, որտեղ շատերը դրա իմաստն են կորցնում, նա փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանն է, կամ ինչպես իր մասին պատմող գրքի անունն է` «Բազկամարդը»:

2014-ին ընկերոջը փրկելիս կորցրեց երկու ոտքն ու մի ձեռքը, բայց ոչ միայն սկսեց քայլել, այլև դարձավ նման վիճակում հայտնված տասնյակ զինվորականների մոտիվացիան: Սարգիսը սկսեց զբաղվել պրոֆեսիոնալ սպորտով, դարձավ Բազկամարտի աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոն:

«Ես ինքս հաշմանդամություն ունեմ, և ամբողջ պատմությունը դրա մասին է, բայց այն չի վերաբերում միայն նմանատիպ խնդիր ունեցող մարդկանց, վերաբերում է բոլորին, քանի որ ավելի շատ կյանքի հանդեպ սիրուն է վերաբերում, ապրելու ցանկությանը»,- գրքի մասին խոսելիս ասաց Սարգիս Ստեփանյանը:

Գերբնական ուժով Սարգիսն իր կյանքի անհավանական, բայցև իրական պատմության մասին գիրքը ստեղծել է «Նյումեգ» հրատարակչության մտահղացմամբ: Գրքի համահեղինակը ռազմական լրագրող Դավիթ Դավթյանն է, որը 44-օրյա պատերազմում աշխատել է թեժ կետերում ու լավ գիտի զինվորական առօրյայի բոլոր խութերը: Ասում է` «Բազկամարդը» իր կյանքի ամենակարևոր աշխատանքներից մեկն է:

«Պարզ օրինակ վերցենք` երբ մեկնումեկիս գլուխն է ցավում, ձեռքն է ցավում, մենք ասում ենք. «Վայ, ինչ վատ վիճակում ենք մենք»: Տեսեք` ինչ մարդ է Սարգիս Ստեփանյանը, ինչի միջով է անցել: Ամենակարևոր ուղերձներից մեկն այն է, որ ոչ միայն վերականգնվել է, ոտքի է կանգնել, այլև մարդկության ամենակարևոր բանն է անում` նա իր հետևից տանում է տղաներին, տանում է հերոսներին»,- մեկնաբանեց Դավիթը:

«Նյումեգը» նաև փոխգնդապետի մասին վավերագրական ֆիլմ է ստեղծել` «Ոտքի կանգնիր»: Այնտեղ պատել են, թե ինչպես է Սարգիսը հիմնել վերականգնողական կենտրոն ու այցելում է հաշմանդամների տներ, հոսպիտալներ, հանդիպում վիրավորների հետ, որոնք հուսալքված են, չեն ուզում հասարակության մեջ հայտնվել ու նրանց լիարժեք կյանք է վերադարձնում:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Սարգսի հաջողության պատմության ականատեսն է եղել. նա նույնպես ներկա էր միջոցառմանը.

«Այստեղ է, որ մարդ պիտի նորից կրկնի. «Վիրավորվելը տղամարդու համար է, և կարելի է հաշմված լինել ֆիզիկական առումով, մարմնի տարբեր մասերով, բայց երբ մարդը հաշմված է հոգեպես, արդեն այդ մարդը անընդունելի է»: Սարգիսը մի մեծ թիմի հրամանատար է, որոնք հոգեպես կանգնել են ու նորից ծառայում են հայրենիքին»,- նշեց ԶՈՒ գեներալ-գնդապետը:

44-օրյա պատերազմից հետո հարյուրավոր երիտասարդներ հաշմանդամ են դարձել, «Բազկամարդը» կենդանի օրինակ է` ինչպես մարդ կարող է ոտքի կանգնել նույնիսկ ամենաանելանելի վիճակում ու հաջողել:

Մանրամասները` կայքի տեսանյութում:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր