211652_close_icon
views-count4146 դիտում article-date 12:13 16-06-2022

Այսօր մեծ հայ, լեգենդար հրամանատար Արամայիս Խաչատրյանի՝ «Կոտայքի Քեռու» ծննդյան օրն է

Հունիսի 15-ը մեծ հայ, Կոտայքի մարզի Երկրապահ կամավորականների ջոկատի լեգենդար հրամանատար ԱՐԱՄԱՅԻՍ ԹԱԴԵՎՈՍԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հիշատակի օրն է։

Դեռևս մանկուց նա լսել էր Հայդուկային շարժման մասին, մեծ ջանքերով ձեռք բերել ֆիդայական արգելված գրականություն, նրանց խիզախությունները փառաբանող երգեր ու բանաստեղծություններ։

Հարազատներից ժառանգած ըմբոստ ու ազատատենչ մարդը հանգիստ չունեցավ, երբ թշնամին անընդհատ ռմբակոծում էր մեր հայրենիքի սահմաններն ու գյուղերը։ 1990 թվականի հունվարին, Նախիջևանից հարձակում եղավ Երասխավանի վրա։ Նույն օրը, Արամուսի արհկոմի նախագահ Արամայիս Խաչատրյանը, ցուցակագրում էր կամավորականների։

Արամայիս Խաչատրյանը ծնվել է 1950 թվականին Կոտայքի մարզի Արամուս գյուղում։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, նույն տարին ընդունվել  Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի մանկավարժական մասնաճյուղը։ Այդ տարիներին նա  Աբովյանի շրջանում արդեն ճանաչված ֆուտբոլիստ էր, Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ, 1968 թվականին նախկին Խորհրդային Միության «Հուսո գավաթ» մրցումների բրոնզե մեդալակիր, բազմիցս արժանացել էր նաև այլ պարգևների։

Ինստիտուտն ավարտելուց հետո գործուղվել է Աբովյանի շրջան և աշխատանքի անցել մարզադպրոցում, որպես ուսմասվար, այնուհետև Արամուսի գյուղական խորհրդի նախագահ, արհկոմի նախագահ։ Միաժամանակ սովորել է գյուղինստիտուտում։

Իսկ հետո 1990 թվականին հայրենիքի ձայնը կանչել է նրան։ Արամուսի կամավորականների ցուցակը շուրջ 100 հոգի Արամայիս Խաչատրյանի հրամանատարությամբ հանձնվեց զինվորական վերադաս մարմիններին։ Նրանց թվում էին նաև Արամայիսի երկու եղբոր որդիները Արամը և Թադևոսը ու իր միակ որդին՝ Արտակը։ Ընկերների և համագյուղացիների զարմացական հայացքներին նա հիշեցրել էր մեր քաջ նախնիներից մեկի իմաստուն խոսքերը. «Թե արու զավակն առաջին հերթին հայրենիքին է պատկանում, ապա ծնողներին»։

1990 թվականի փետրվարի 2-ից մինչև ապրիլի վերջերը Արամուսի կամավորական ջոկատի մի քանի անդամներ հրամանատար Արամայիս Խաչատրյանի հետ միասին գտնվում էին Վայքի Խնձորուտ գյուղի պաշտպանական դիրքերում։ Հանգիստ էր հրամանատարի խիղճը, նա իր սրբազան պարտքն էր կատարում հայրենյաց հողի համար, սակայն միաժամանակ և շատ անհանգիստ իր յուրաքանչյուր զինվորի կյանքի համար։ Խիզախում էին Արամուսի քաջերը։ Որտեղ կարիք էր զգացվում, նրանք այնտեղ էին, որտեղ ուղարկում էին, ջոկատն այնտեղ էր Երասխ, Խնձորուտ, Իջևան, Նոյեմբերյան, Խաչիկ, Սիսիան, Գորիս, Շուռնուխ, Սրխավենդ, Մարտակերտ, Լաչին, Կուբաթլի, Ֆիզուլի և այլուր։

Սիրում ու վստահում էին Արամայիսին Արամուսցի մարտիկները։ Օրենք էր նրա ասածը կռվի դաշտում։ Նա վաստակեց Քեռի անունը իր հայրենասիրությամբ ու խիզախությամբ, նվիրվածությամբ, ընկերասիրությամբ ու ազնվությամբ։

1994-ին Արամայիս Խաչատրյանը պարգևատրվեց Երկրապահ կամավորականների միության պատվոգրով։ Այսպիսին է նրա անցած մարտական ուղին, Արամուսի ջոկատի հրամանատար, Կոտայքի շրջանի և Աբովյան քաղաքի հրամանատարի տեղակալ, զինկոմիսարիատի ռեզերվային գումարտակի հրամանատարի տեղակալ, Կոտայքի շրջանի և Աբովյան քաղաքի Երկրապահների միության նախագահի տեղակալ։

1989 թվականի հուլիսի 14֊ից մինչև 1994 թվականի հունիսի 25֊ը մասնակցել է ՀՀ և ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին։ 1989֊ի հունիսի 14֊ից մինչև օգոստոսի 20֊ը, մասնակցել է Երասխավանի ինքնապաշտպանական մարտերին։

1990 թվականի հունվարի 19֊ից մինչև օգոստոսի 20֊ը մասնակցել է Եղեգնաձորի Խաչիկի և Բազարչայի ինքնապաշտպանական մարտերին, 1991֊ի հունվարի 11֊ից մինչև մայիսի 20֊ը մասնակցել է Իջևանի Լալի գյուղի ինքնապաշտպանական մարտերին, նաև Լաչինի մարտական գործողություններին, Գորիսի, Մարտակերտի շրջանի Կիչան և Սրխավենդ բնակավայրերի ինքնապաշտպանական մարտերին։ Եղել է քաջարի, խիզախ և ընկերասեր զինվորական։ Նրա բոլորանվեր, ազգանվեր ծառայությունը գնահատվել է ըստ արժանվույն։

1994֊ին պարգևատրվել է «Երկրապահ կամավորների միության հուշամեդալով» և ԵԿՄ պատվոգրերով, 1997֊ին Արցախի «Մայրական երախտագիտության» մեդալով, «Մարտական գործողությունների մասնակից» մեդալով, 2001֊ին ՀՀ նախագահի կողմից «Մարտական ծառայության» մեդալով, 2003֊ին ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան», 2004֊ին «Հայաստանի Երկրապահ» և «Փառապանծ մարտիկներ» հուշամեդալներով։ Արժանացել է նաև ԵԿՄ «Արամուսի ջոկատ ֊20 տարի» հոբելյանական և ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան», «Մարշալ Բաղրամյան» մեդալների, 2003֊ին ՀՀ վարչապետը նրան պարգևատրել է «Մակարով» անձնական զենքով։

2013֊ի դեկտեմբերի 21֊ին թիվ 46 հրամանագրով, Հայոց պետականության կայացման գործում և Արցախյան գոյամարտում բացառիկ դերի, «Պատանի զորականների» հետ ռազմահայրենասիրական դաստիարակության գործընթացում ակտիվ մասնակցության համար «Հայրենանվեր մահապարտներ» ՀԿ կենտրոնական խորհրդի նախագահ Ա. Սիմոնյանի կողմից Արամայիս Թաթոսի Խաչատրյանին շնորհվել է «Հայ զորական» գեներալ ֊մայորի կոչում։

Նրա ամեն մի շքանշան, մեդալ ու կրծքանշան, պատվոգիր, նրա ապրած կյանքի, կատարած ծառայության գնահատման առհավատչյան են։ Դրանք ցույց են տալիս, որ զուր չեն անցել ապրած տարիները, յուրաքանչյուրը բնորոշում է մարդու նվիրվածությունը իր գործին։ 2020֊ի հունիսի 15֊ից, մեզ հետ չէ մեծ հայը։ Նա ապրեց 70 տարի։

Նրա որդու՝ Արտակի նախաձեռնությամբ, Ֆինանսական աջակցությամբ,լույս է տեսել «Կոտայքի Քեռին» գիրքը, Գագիկ Վարդանյանի հեղինակությամբ, փաստագրական ակնարկ է Արցախյան ազատագրական պայքարի հերոս Արամայիս Խաչատրյանի մարտական ուղու մասին։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Նմանատիպ նյութեր